Նոր Նորքի ոստիկանները կին գրպանահատի են բերման ենթարկել և հայտնաբերել գողացված դրամապանակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Օգոստոսի 12-ին, ժամը 9-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել. րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ փող, անձնագիր ու կուտակային քարտեր էին:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սկսել են համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Եվ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվել է:

Ժամը 16-ի սահմաններում իրավապահները Գայի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Բուզանդի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ