Ի դեմս Վլադիմիր Գասպարյանի` վտանգվում է գեներալի կոչման ինստիտուտը. Տիգրան Ուլիխանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News 

«Ի դեմս ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ տեսնում եմ վտանգ, որ տարբեր մարդիկ կարող են գեներալի կոչման ինստիտուտը վտանգել։ Չէի պատկերացնի, որ գեներալը կիջնի այն մակարդակի, որ կխոսի սոռոս-մոռոսներից»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը։

Պատգամավորն անընդունելի է համարում, որ գեներալի կոչում ունեցող անձը կարող է խոսել այն մասին, թե իբր ինչ-որ մեկը ՀՀ իշխանություններին կարող է դրդել ինչ-որ քայլերի՝ սա ուղղակի անընդունելի որակելով։ 

«Նա ուղղակի զբաղված է ընդդիմության այն թեզի թելը կարելով, որը քաղաքացուն ասում է՝ դու ոչինչ ես, դու չես որոշում, քո փոխարեն որոշում է պողոսը, պետրոսը, սոռոսը-մոռոսը։ Նրանք քաղաքացուն նսեմացնելով են զբաղված։ 

Ի դեմս Վովա Գասպարյանի՝ խորհուրդ եմ տալիս մնալ ստվերում ու չգրավել մեր ուշադրույթունը։ Նրանց մոտ կարծես թե չի ստացվում։ Գասպարյան, ինձ մի՛ հիշեցրեք ձեր գոյության մասին։ Էս սպառնալիքներով ոչնչի չեք հասնի։ Մենք որևէ մեկին չենք սպառնում, բայց որևէ մեկի սպառնալիքներից չենք վախենում։ Նրանց ուղղակի ասում եմ՝ լռե՛ք, թույլ տվեք մեզ՝ քաղաքական դերակատարներիս, մոռանալ ձեր մասին։ Հակառակ դեպքում, եթե բանը հասավ սպառնալիքներին, մի օր կարող ա մենք զարթնենք ու որոշենք, որ իրենք մեր աշխատանքի համար խոչընդոտներ են։ Պատկերացնո՞ւմ են՝ դրանից հետո ինչ է տեղի ունենալու։ Վովա Գասպարյանին և էլի շատերին չենք համարում մեր գործունեության համար խոչընդոտ։ Թող շարունակեն իրենց այնպես պահել, որ չհամարենք էլ։ Իրենց համար դա ավելի շահավետ է»,- ասել է Ուլիխանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ