Արա, դու ո՞ւմ ես պետք, որ քեզ չիպավորեն․ Աշոտ Եդիգարյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Դերասան Աշոտ Եդիգարյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով հասարակության տարբեր շերտերում շրջանառվող ասեկոսեներին, նշեց, որ կողքից այնքան անիմաստ ու հիմար բաներ են խոսում, շփոթվում ես, չգիտես, թե որն է ճիշտ, որը՝ սխալ: 

«Անցյալ օրն էլ խոսում էին, թե մարդկանց չիպավորում են։ Ա՛յ մարդ, էն խեղճ ու կրակ երրորդ սմեն աշխատող պահակին չիպավորում են, որ ի՞նչ անեն, նրանից ի՞նչ օգուտ։ Ախր, լուրջ մարդիկ են ասում, որ իրենց չիպավորում են։ Արա, դու ո՞ւմ ես պետք, որ քեզ չիպավորեն։ Ես չեմ հավատում նման բաների։ Հիմա էլ կրթության ոլորտում կատարող փոփոխություններն են քննարկում։ Կողքից չար լեզուները կասեն, որ թուրքերի հետ են համագործակցում, ադրբեջանցիների հետ են համագործակցում։ Բայց ես հավատում եմ Արայիկ Հարությունյանին և համոզված եմ, որ ամեն ինչ անում է դպրոցի համար»,-ասել է Եդիգարյանը:  

Դերասանը, անդրադառնալով երկրում կատարվող իրադարձություններին ու ներքաղաքական զարգացումներին, կարծում է, որ իշխանափոխություն չի լինի, և Նիկոլ Փաշինյանը չի գնա։

«Մեկն ասում է՝ վաղը գնալու է, մեկն ասում է՝ աշնանն է գնալու․ ա՛յ մարդ, հլը իրե՞ն հարցրեք, էդ մարդը գնում է, թե չի գնում։ Տեղից ով լինում՝ էդ հեքիաթն է պատմում, մի հիմար բան ասում է՝ գնալու է, մնալու է․ ծիծաղս է գալիս դրանց վրա։ Չի՛ գնալու, աշխատելու է և լավ է աշխատելու, ազգի համար է աշխատելու։ Ես հավատում եմ մեր վարչապետին։ Եթե Նիկոլը չէ՝ ո՞վ։ Հիմա չեմ տեսնում ուրիշ մեկին, որ նրա փոխարեն լինի, ուրիշ մեկին չեմ պատկերացնում։ Ստեղ օրը մեկը իր համար կուսակցություն է բացում, մեկ-մեկ էլ ընենց տհաճ անուններ են դնում, որ նույնիսկ զզվելի է, արդեն դառնում է զավեշտ։ Ես մի բան գիտեմ, երբ կա պատերազմ, կա թուրք, ադրբեջանցի զավթիչ, երբ կա կորոնավիրուս, չպետք է խանգարենք ղեկավարությանը, թողենք թող աշխատեն մարդիկ։ Անում են, ես լավ բաներ զգում եմ իմ կաշվի վրա, լավ բաներ են լինում երկրում։ Շատ վատ վիճակի մեջ ենք դնում մեր ղեկավարությանը, պետք է սատար կանգնել, չխանգարել»,-նշել է դերասանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ