Հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը ցինիզմ ու անարդյունավետ ծախս է․ Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News 

Արփինե Հովհաննիսյան

Այսօր արդարադատության նախարարությունը իբր հանրային քննարկում էր կազմակերպել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման առիթով։ Սա Սորոսի հիմնադրամի «պետության զավթման ու վերականգնման» ծրագիր անվանվող անգրագիտության կետերից է, որը Բադասյանն անշեղորեն է կատարում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ կորոնավիրուսից անգործ ու անփող դարձած ժողովրդի ֆոնին միլիարդներ ծախսել բյուջեից սրա համար ցինիզմ է ու անարդյունավետ ծախս, մանավանդ որ 5 կամ 10 ձեռնասուն դատավոր պատվեր անելու համար ունեք։

«Այս հարցը մի քանի տեսանկյունից է կարեւոր՝

միջազգային, իրավական, ռեպուտացիոն եւ այլ։ 26 երկրում կան այսպիսի դատարաններ, որոնց թվում են Բուրունդին, Աֆղանստանը, Մադագասկարը, Կամերունը, Բոտսվանան, Բանգլադեշը, Շրի լանկան եւ այլ։ Այո, տիկնայք եւ պարոնայք ճիշտ եք կարդում, բայց որ շատ չնեղվեք մի 3-4 «համեմատելի» երկիր էլ կա՝ Բուլղարիա, Ուկրաինա, Սլովակիա եւ Խորվաթիա։ Սա է մեր բարձրագույն նշաձողը։ Այս 4 երկրին են մենք ձգտում նմանվել, այն դեպքում երբ իրականում հաջողված համարվում է մեկը կամ առավելագույնը երկուսը»,-գրել է նա։

Նա նշել է, որ, բացի այդ, այս դատավորներին ամսական 1 միլիոն դրամ են տալու, որ նրանք տարեկան 5-6 գործ (մինչեւ 10) քննեն, մինչ մյուսները քննում են մինչեւ 100։

«Իրականում կարելի էր և՛ մասնագիտացնել, և՛ ռեալ լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը։ Սրանք իրենց էությամբ արտակարգ դատարաններ են ու Պետության գլխին դառնալու են պատուհաս»,-գրել է նա։

Նա նշել է, որ իրենց կազմակերպությունը մանրամասն եւ համապարփակ վերլուծել է այս դատարանների հետ կապված վիճակը ու ներկայացրել լուծումներ, որոնք կարծում են կլուծեն կառավարության խնդիրը՝ առանց ավելորդ սխալների։ Ուղարկելու է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ վստահ լինելով, որ իրեն կհասնի։

--0--ԱՀ