Երբ հանցագործները պատժվեն, կլինի հների և նորերի միջև գիծ քաշելու պահը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News 

Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, 24TV-ի եթերում անդրադառնալով երկրում՝ հների և նորերի տևական պայքարին, նշեց, որ լավ կլինի` հների ու նորերի պայքարն արդեն դադարեցվի:

«Ես չգիտեմ՝ հնե՞րն են ավելորդ ակտիվ պաշտպանվում, թե՞ նոր իշխանություններն են ավելորդ ակտիվ հարձակումներ գործում, բայց մի պահ կա, որ պետք է գիծ քաշել: Իհարկե, այդ պահը պետք է գա այն բանից հետո, երբ քրեական պատասխանատվության ենթակաները կանգնեն քրեական պատասխանատվության առաջ: Ես կարծում եմ, որ ներողամտությունը, բարձիթողությունը մեզ հոգեբանորեն կխանգարի: Մենք մի ժողովուրդ ենք, մի նավի վրա ենք, լավ ենք, թե վատ ենք, էս ենք»:  

Բանաստեղծն անդրադարձավ նաև վերջին երկու տարվա քաղաքական զարգացումներին, երկրում ու հասարակության մեջ կատարվող բարոյահոգեբանական փոփոխություններին, նախ նկատեց, որ այս իշխանությունը ժառանգել է մի երկիր, որը միլիարդավոր խնդիրներ ուներ:

«Մեր իշխանությունները պաթոսի առումով մի 3-4 բան արել են, որ վերջին 100 տարվա մեջ չէր եղել: Այս իշխանությունը մեր մեջ մտցրել է առողջ հասարակության իդեալը, և մեր հասարակությունն այսօր ուզում է առողջ դառնալ: Մարդիկ հավատում են, որ հայ քաղաքացին, հայ պետական գործիչը կարող է ստոր չլինել: Պարտադիր պայման է, պետք է հայ մարդը իմանա, որ իր պետության ղեկին կանգնածը, իր պետության նավին կանգնածները ստոր չեն: Շատ բան չեն կարողանում անել, շատ բան էլ դեռ չեն կարողանալու անել, բայց կա այն գիտակցումը, որ մենք լավ ժողովուրդ ենք: Այդ գիտակցությունն են այս իշխանություններն ասպարեզ բերել: Մեր ժողովրդի հոգեբանության մեջ մի բան փոխվել է, գիտի, որ ինքը կարող է պետություն կառուցել: Տեսնում եմ՝ վաղվա օրը բերելու է մեր կարողությունները և ուժը»:

--0--ԿԿ