Հանրապետությունում այժմ վերակենդանանում են ավելի քան 40 տարի չհիմնանորոգված ճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News  

ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան էջում նշել է. 

«Հարգելի՛ պարոն Մարուքյան,

Ի պատասխան նախարար Պապիկյանին ուղղված Ձեր դիմումի վերաբերյալ գրառմանը, տեղեկացնում եմ, որ Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումը արդեն իսկ ընդգրկված էր Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: «Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ծրագիրը» այս պահին գտնվում է Համաշխարհային բանկի կողմից հաստատման փուլում, առաջիկա երկու ամիսներին մրցույթ կհայտարարվի և կիրականացվի ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և ԷՆ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից:

Նախատեսվում է նորոգել 3,2 կմ երկարությամբ ճանապահ, որն իր մեջ ներառում է նաև ճոճվող կամուրջ տանող ճանապարհը:

Ձեր նախորդ առաջարկին ևս արձագանքելով՝ հավելեմ, որ Հայոց այբուբենի հուշարձանից Ամբերդ տանող ճանապարհը նույնպես հիմնանորոգվելու է, ներառված է 2022թ. ծրագրում:

Հանրապետությունում այժմ վերակենդանանում են ավելի քան 40 տարի չհիմնանորոգված ճանապարհներ:

Հայաստանի բոլոր ճանապարհները մշտադիտարկվում են թե՛ նախարարի, թե՛ նախարարության ոլորտային պատասխանատուների կողմից և առաջին իսկ հնարավորության դեպքում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում վերանորոգման ծրագրերում:

Շնորհակալություն առաջարկների համար:

Ձեր դիմումների պաշտոնական պատասխան գրությունները կստանաք սահմանված ընթացակարգով և ժամկետներում»:

--00--ԱԹ