ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացնում Կոտայքում ու Արագածոտնում. խախտումներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

ՇՎՏՄ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Կոտայքի մարզի Եղվարդ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում: ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները էական խախտումներ չեն հայտնաբերել:

Ինչպես հայտնում են ՇՎՏՄ-ից, առկա են եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ախտահանիչ նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել նաև դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: Շինանյութի մի շարք խանութներում դիտարկվել են թերություններ՝ կապված սոցիալական հեռավորությունը պահպանելու համար արվող գծանշումների հետ, որոնք տեղում շտկվել են:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

--00--ԱԹ