Ջերմուկցիները որոշել են ավտոերթ կազմակերպել դեպի Ամուլսարի պահակակետ. Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Վարագյան

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ շարժման անդամներից մեկի հետ Ջերմուկի ճանապարհին են: Նա միանալու կոչ արեց երկրի բոլոր բնապահպաններին՝ այն մարդկանց, ովքեր իրականում մտահոգ են Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրներով, մարդկանց, ովքեր տեսնում են, որ Հայաստանն այլ ապագա չունի, քան ավելի լավ շրջակա միջավայր:

«Այս պահին ծայրահեղ լարված վիճակ է, առավոտից նաև մեր կազմավորման անդամները տեսել են, թե ինչ է կատարվում Ամուլսարում, արձագանքելով նրանց կոչին՝ մենք Ջերմուկի ճանապարհին ենք և ամեն ինչով աջակցելու ենք, որ վերջնական գնահատական տրվի, թե ինչ է կատարվում Ամուլսարում, որ ջերմուկցիներին բացատրեն՝ այդ ռիսկերի պատասխանատվությունն ով է կրում, և թե 7 կամ 140 տարի հանքը շահագործելով, հետո փակելով, հեռանալով այդ տարածքից՝ մենք, մեր սերունդները, երեխաները գալիք 100 տարվա ընթացքում ինչպիսի բնապահպանական աղետների կարող են ականատես լինել»,- ասաց նա:

Ջերմուկից ուղիղ եթեր մտնելով՝ Վարագյանը նշեց՝ տեղացիները դժգոհում են, որ իշխանությունները չեն արձագանքել, որևէ գնահատական չեն տվել: Նրա խոսքով՝ բնակիչներին մտահոգում է, որ այստեղ պարբերաբար փորձում են սադրանքներ կազմակերպել:

Նա տեղեկացրեց՝ ջերմուկցիները որոշել են ավտոերթ կազմակերպել դեպի պահակակետ, որտեղ երեկ կեսգիշերին և այսօր առավոտյան գործողություններ են տեղի ունեցել. այստեղ փորձել են Ամուլսարի պահապանների տնակները հանել ու դրանց փոխարեն տեղադրել իրենց պահակակետերը: Այնուհետև, ըստ իրավիճակի, որոշում են կայացնելու և պահանջելու են վերջնական գնահատական տան իշխանություններն ու ասեն՝ ինչպես են պատկերացնում այս խնդրի լուծումը:

Վահագյանն ասաց, որ ամբողջ այս ժամանակահատվածում գտնվելու են տեղացիների հետ, նաև ավտոերթին են մասնակցելու:

--00--ԱԹ