Քաղաքական հետապնդումն այն է, ինչ անում եք արդեն երկու տարի. Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Արսեն բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ, քաղաքական հետապնդումն այն է, ինչ անում եք արդեն երկու տարի:

Մի շարք հատկանիշներից քաղաքական հետապնդումն ունի շատ պարզ ու կարևոր հատկանիշ, այն է` երբ երկու անձ կատարում են նույն արարքը, բայց իշխանությունը պատասխանատվության է ենթարկում միայն մեկին: Ակնհայտ է, որ այդ մեկը հենց այն մեկն է, ումից իշխանությունը կամ վախենում է կամ պարզապես չի սիրում:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչում է Նիկոլ Փաշինյանը մեղադրում Արթուր Վանեցյանին։ Ըստ ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերի Արթուր Վանեցյանն իբր պաշտոնում նշանակել է մեկին, որին, իբր, չէր կարող նշանակել, քանի որ, իբր, նշանակվողն օրենքով թույլատրելի տարիք չուներ։ Այսինքն՝ իբր ապօրինի նշանակում էր կատարել։

Իհարկե բոլորին է հայտնի, որ Արթուր Վանեցյանը որևէ ապօրինի նշանակում չի կատարել։

Բայց այս ամենում մի շատ հետաքրքիր հանգամանք կա։ Հիշո՞ւմ եք Մխիթար Հայրապետյանին, ով նախկինում սփյուռքի նախարարն էր, իսկ այժմ ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ։ Վստահ եմ հիշում եք նաև, որ նույն Մխիթար Հայրապետյանն իր խորհրդականին նշանակել էր օրենքի կոպտագույն խախտմամբ։ Ի տարբերություն Արթուր Վանեցյանի՝ Մխիթարն իսկապես թույլ էր տվել խախտում և այդ խախտումը կայանում էր նրանում, որ խորհրդական նշանակված անձի տարիքն իսկապես չէր համապատասխանում օրենքով նախատեսված տարիքին, բայց նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը խախտելով օրենքն այդ անձին նշանակել էր խորհրդական։

Հետո, երբ սոցիալական ցանցերում ու մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, նախարարն ազատեց խորհրդականի պաշտոնից և թույլ տրված ապօրինության համար ընդամենը ներողություն խնդրեց։

Պա՞րզ է չէ, որ որևէ ծառայողական քննություն չանցկացվեց, քրեական գործ հարուցելու համար նյութեր չնախապատրաստվեցին։ Իսկ թե ինչո՞ւ չարվեց և բավարավեցին միայն ներողությամբ՝ ակնհայտ է, իրավախախտողն իրենց քայլականներից էր, թիմի անդամ։

Երկու տարուց ավելի է բարձրաձայն ասում ենք. ընկերներ, քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ, այլ՝ հենց այն է, ինչ անում եք արդեն երկու տարի»։

--00--ԱԹ