Բաքվի հռետորաբանությունն ավելի սազական է թաղային «հաշիվ մաքրելու» ինչ-որ գործընթացի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

ագ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Հեռանկար» հաղորդաշարին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սադրանքին, դրանից բխող գործողություններին, Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանն ու միջազգային արձագանքին:

«Այն, ինչ մենք լսում ենք Բաքվից, շատ տպավորիչ չէ, որովհետև կարծում եմ, որ հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի և Արցախի վրա չեն ազդում»,-ասել է Զոհրաբ Մնացականյանը, ապա հավելել, որ այդ մեթոդը անընդունելի է և ապակառուցողական, մերժված է բոլոր առումներով: 

«Նման հռետորաբանությունը պատիվ չի բերում մեր ամբողջ տարածաշրջանին. սա հռետորաբանություն է, որն ավելի սազական է թաղային «հաշիվ մաքրելու» ինչ-որ մի գործընթացի: Սպառնալիքի լեզուն չի ազդում, չի աշխատում. դա առավել քան հստակորեն մերժված է: Սա եղել է մեր դիրքորոշումն անցած երկու տարվա ընթացքում, առավել քան հստակ, շարունակական արտահայտվել է քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում և արտահայտվել է հուլիսի 12-ից սկսած»,-ասել է ԱԳ նախարարը:

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները համահո՞ւնչ են ստեղծված իրավիճակին, նախարարը պատասխանել է. «Հուլիս 12-ից սկսած՝ անմիջապես ժամեր անց, մենք կապի մեջ էինք համանախագահների հետ, նրանք շատ ակտիվ ներգրավված էին, ցանկացած ժամի, ցանկացած պահի աշխատում էինք միասին, աշխատում էինք մեկ նպատակի համար՝ ապահովելու դեէսկալացիա, վերականգնելու զինադադարը, վերականգնելու այն իրավիճակը, որը մեզ չի տանի էլ ավելի խորացած ճգնաժամի: Երեք անգամ մենք փորձել ենք ձևավորել այդ զինադադարի վերականգնումը, երրորդ անգամից սկսած դա ավելի արդյունավետ է դարձել: 

Մենք շատ բաց ասել ենք բոլոր երեք համանախագահների դերակատարության վերաբերյալ, նրանք շատ համակարգված են եղել, բայց առավել եւս Ռուսաստանի Դաշնության համանախագահողը: ՌԴ ԱԳ նախարարի, Զինված ուժերի Գենշտաբի համակարգման միջոցով մեզ հաջողվեց ապահովել այն, ինչ մենք այսօր ունենք: Այսօրվա հիմնական նպատակը դեէսկալացիայի ապահովումն է, այն միջավայրի վերականգնումը, որի մասին մենք մշտապես խոսում ենք, որը նպաստում է բնականոն աշխատանքի եւ բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը»:

 

--00—ԼՄ