Դուք շարունակեք «դուխով» պայքարել կոռուպցիայի դեմ, իսկ մենք՝ դիմա՛կ կրել. Նորայր Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան էջում «Մարդու տղեն ասեց ու իր խոսքի տերն եղավ՝ այս գեղեցիկ օրով ում որ պետք է՝ պառկեցրեց ասֆալտին ու ոտքերը մաքրեց նրանց վրա» խորագրով հետևյալ գրառումն է արել:

«Ըստ մամուլում հրապարակվող տեղեկությունների, Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է։

Ս․թ․ փետրվարի 4-ին բերման ենթարկվելուց և ոստիկանության վեցերորդ վարչությունում երեք ժամ մնալուց և դուրս գալուց հետո Ռուբեն Հայրապետյանը տառացիորեն հայտարարեց հետևյալը․

«Եթե հիշում եք, դեկտեմբեր ամսին մեր տունը խուզարկելուց ես մի հայտարարություն արեցի, որ մեր տանից հանել են Սու-35, տանկ, ԲՏՌ ու ԲՄՊ: Եվ մի քանի օր առաջ, երբ ես հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ոնց ա դանդաղ խոսում ու դանդաղ մտածում: Իսկ եթե դանդաղ խոսում ու դանդաղ մտածում ա, դանդաղ էլ հասկացել ա: Եվ, իմ կարծիքով, ինքն իմ գրպանում ու մեքենաներում փնտրում ա Սու-35-ը, տանկերը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն: Դե, բնականաբար հասկանում ենք՝ ում հանձնարարությամբ է: Հերթական կապիկությունն է, նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձևով չեն կարող վախեցնել: Առհասարակ մեր տեսակն ա ուրիշ: Նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկեցնելը: Բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օրով, ոտքերս մաքրեմ իրենց վրա, դա հաստատ է»։

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, որ Ռ․ Հայրապետյանի նկատմամբ ՌԴ տարածքում հետախուզումը դադարեցվել է, ինչը նշանակում է, որ, ըստ էության, ՌԴ իրավապահ մարմինները հերթական հայտնի հետախուզվողի նկատմամբ ապահովել են Հայաստանում քրեական պատասխանատվությունից խուսափելու բոլոր պայմանները, ուրեմն մի բան կարող եմ ասել․ Մարդու տղեն ասեց ու իր խոսքի տերն եղավ, այն է՝ այս գեղեցիկ օրով ում որ պետք է պառկեցրեց ասֆալտին ու ոտքերը մաքրեց նրանց վրա։

Դուք շարունակեք «դուխով» պայքարել կոռուպցիայի դեմ, իսկ մենք, ժողովո՛ւրդ ջան, շարունակենք դիմա՛կ կրել, դիմա՛կ․․․

Հ․Գ․ Կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի տապալողները, սաբոտաժ անողները, հնարավոր բոլոր հովանավորները վաղ թե ուշ պատասխան են տալու։

Այլընտրանք չկա՝ կառուցելու ենք արդար Հայաստան․․․»,- գրել է նա:

--00--ԱԹ