Ավստրալիայում արձանագրվել Է համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News 

աշխարհ

Ավստրալիայում նոր կորոնավիրուսով ախտահարվածների թիվն անցած օրն աճել Է 744-ով եւ գերազանցել 16 հազարը: Այդ մասին են վկայում հուլիսի 30-ին երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հուլիսի 29-ին նոր ախտահարվածների 723 ռեկորդային քանակություն Է հայտնաբերվել Վիկտորիայի նահանգում, որը բնակչության թվաքանակով երկրորդ տարածաշրջանն Է Ավստրալիայում: Կորոնավիրուսով եւս 18 վարակվածներ են հայտնաբերվել Նոր Հարավային Ուելսի նահանգում եւ երեքը՝ Քվինսլենդի նահանգում:

Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 16 295-ի: Գերատեսչության տվյալներով՝անցած 24 ժամում բժիշկներն արձանագրել են 13 մահացու վախճան, կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել Է 189-ի: Բուժվել Է վարակվածների 60 տոկոսը, այսինքն՝ 9 619 մարդ: Երկրի հիվանդանոցներում Է գտնվում վարակով 323 հիվանդ, սակայն նրանցից սոսկ 46-ն Է տեղավորված ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում, եւս 5 977 հիվանդացած ստանում Է ամբուլատոր բուժում: Կորոնավիրուսի առկայության թեստավորում Է անցել ավելի քան 4 միլիոն մարդ:

Հունիսի 17-ից երկրում արձանագրվում Է վարակման դեպքերի թվի աճ, մի քանի նոր օջախներ են առաջացել մայր ցամաքի խոշորագույն քաղաքներում՝ Մելբուռնում եւ Սիդնեյում: Վիկտորիայի նահանգում վարակի բռնկումը, որի վարչական կենտրոնը Մելբուռնն Է, դարձել Է տարածաշրջանում նոր սանիտարա-համաճարակաբանական սահմանափակումների եւ այնտեղ մուտքի եւ ելքի արգելքի սահմանման պատճառ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--0--ԿԿ