Իջևանի ոստիկանները բռնել են մեքենան առևանգած անձին․ նա ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News 

Հունիսի 11-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ գիշերը Ախուրյան փողոցի շենքերից մեկի բակում փախցրել են իր «ՎԱԶ-212140 URBAN» մակնիշի մեքենան։

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Շուտով պարզվեց, որ մեքենան գտնվում է Իջևանի Կուժ աղբյուր կոչվող տարածքում։
Իրավապահները նշված վայրում հայտնաբերեցին մեքենան՝ վթարված վիճակում։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ոստիկանները շարունակեցին միջոցառումները՝ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Զննվեց դեպքի վայրը, մեքենայի սրահից վերցվեցին մատնահետքեր։ Ոստիկանների աշխատանքը արդյունք տվեց որոշ ժամանակ անց։

Հուլիսի 27-ին, մեքենան առևանգելու կասկածանքով, ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկվեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 37-ամյա մի բնակիչ։ Նա խոստովանել է կատարածը։

Բերման ենթարկվածը ներկայացվել է քննչական մարմնին և ձերբակալվել։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

--0--ԱՀ