Մխիթարյանի տեղափոխվելուց հետո ես դարձա Ռոմայի երկրպագու. Իտալիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

դեսպան

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հարցազրույց է տվել Կորիերե դելլո Սպորտ օրաթերթին: Հարցազրույցը ներկայացրել է Իտալիայում ՀՀ դեսպանությունը: 

«Ֆուտբոլիստի համար միշտ չէ, որ հեշտ է որևէ երկրի, քաղաքի հետ կապվելը, մանավանդ, եթե նա աշխարհով շրջագայելուն ընտելացած պրոֆեսիոնալ է: Մի քանի ամսում Հենրիխ Մխիթարյանը դարձավ Ռոմայի լիդերներից մեկը, սովորեց իտալերեն, ցանկացավ, որ Հռոմում ծնվի նաև իր որդին: Մխիթարյանն արդեն որոշել է մնալ: Սպալի հետ խաղին նա չմասնակցեց: Ֆոնսեկան նրան և Ջաեկոյին է ապավինում՝ կիրակի օրը Ֆիորենտինայի հետ խաղում հաղթանակ տանելու հարցում: Հայ հարձակվողը խորհրդանիշ է իր երկրի համար, նա շատ կապված է իր ակունքներին: Ն. Գ. Ծովինար Համբարձումյանը վերջերս է նշանակվել Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան: Նա հպարտ է իր հայրենակցով, ում մասին խոսել է մեզ հետ բացառիկ հարցազրույցում»,- պատմում է լրագրող Գուիդո Դ՛Ուբալդոն:

- Ձեր երկրում հետևո՞մ եք Ռոմայի հարձակվողին, ով խաղում է իտալական առաջնությունում:

- Մեզ համար մեծ հպարտություն է Մխիթարյանի նման ֆուտբոլիստ ունենալը, ով խաղում է Ա սերիայում, Իտալիայի և աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկում: Նախքան Մխիթարյանի Ռոմա տեղափոխվելը ես երկրպագում էր մեկ այլ իտալական թիմի, որի անունը այժմ չէի ցանկանա բացահայտել, բայց Մխիթարյանի տեղափոխվելուց հետո ես դարձա Ռոմայի երկրպագու: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր զուգադիպություն էր, որ Մխիթարյանի պայմանագիրը Ռոմայի հետ երկարաձգվեց հենց իմ Իտալիա ժամանելու օրերին: Ինչպես հասկացա, և՛ Մխիթարյանը, և՛ Ֆոնսեկան հետաքրքրված էին համագործակցության շարունակությամբ:

- Հնարավորություն ունեցե՞լ եք նրան հանդիպելու:

 - Մեկ ամսից փոքր-ինչ ավել է, ինչ գտնվում եմ Իտալիայում և առաջնությունն արդեն պետք է ավարտված լիներ, բայց խաղերի կասեցման պատճառով հանդիպումների ժամանակացույցն այժմ շատ խիտ է: Բացի այդ գիտեմ, որ ակումբում շատ խիստ կանոններ են գործում: Կարծում եմ, որ հանդիպելու առիթներ դեռ կունենանք: Գիտեմ, որ առաջնության ավարտից հետո կվերսկսվեն Եվրոպայի լիգայի խաղերը և վստահ եմ, որ Մխիթարյանը նշանակալի ներդրում կունենա Ռոմայի՝ եզրափակիչ դուրս գալու հարցում: Մխիթարյանն արդեն երկու անգամ դուրս է եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ, առաջին անգամ՝ 2017 թվականին Մանչեսթեր Յունայթեդի կազմում՝ Այաքսի դեմ հաղթական խաղում ճանաչվելով լավագույն ռմբարկուն: Այնուհետև, 2019-ին Մխիթարյանը պետք է Արսենալի հետ խաղար եզրափակչում՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Բայց, ցավոք, Բաքուն հայտարարեց, որ չի կարող երաշխավորել Մխիթարյանի անվտանգությունը, և նա չմասնակցեց եզրափակչին որպեսզի կյանքը չվտանգելու համար:

- Մխիթարյանը ցանկացել է, որ իր որդին ծնվի Հռոմում, և Իտալիայի մայրաքաղաքում մնալու հետաքրքրություն է հայտնել: Որո՞նք էին ըստ Ձեզ այն պատճառները, որոնք հանգեցրին այս որոշման կայացմանը:

- Ես կցանկանայի շնորհավորել Մխիթարյանին և նրա ընտանիքին փոքրիկ Համլետի ծննդյան առթիվ: Գիտեմ, որ նա շատ լավ է իրեն զգում Իտալիայում և Ռոմայում, և որ կցանկանար ևս մի քանի տարի խաղալ դեղնակարմիր մարզաշապիկով: Տարիներ շարունակ Մխիթարյանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային գործունեությունը Հայաստանից դուրս է ծավալվել, սակայն նա ամուր կապված է իր երկրի հետ: Մխիթարյանը խաղում է Հայաստանի Ազգային հավաքականում և հանդիսանում է թիմի մշտական ավագը: Վերջերս նա Ինտերի դեմ խաղում խփած գոլը նվիրեց Հայաստանին: Իսկ մի քանի օր առաջ, երբ Հայաստանը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից, Մխիթարյանը հաղորդագրություն տարածեց, որում իր օժանդակությունը հայտնեց բոլոր այն զինվորներին, ովքեր իրենց կյանքն են վտանգում հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:

- Հենրիխը Հայաստանի ամենահայտնի մարզի՞կն է:

- Մխիթարյանը ճանաչված ֆուտբոլիստ է ոչ միայն Հայաստանում, այլև նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում: Բայց նաև այլ մարզաձևերում Հայաստանն ունի ճանաչված մարզիկներ: Եվ հետո՝ Լևոն Արոնյանը աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է և երկար տարիներ համաշխարհային վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականներն է զբաղեցնում: Շախմատը Հայաստանում շատ տարածված է և պատահական չէ, որ այն ընդգրկված է երկրի դպրոցական ծրագրում:

- Հռոմում կա մի մեծ հայկական համայնք, որն ունի խոր արմատներ: Ինչպե՞ս եք անցկացրել lockdown-ը:

- Հռոմում մենք ունենք որակյալ և լավ ինտեգրված համայնք: Ես կցանկանայի օգտվել այս առիթից և երախտագիտությունս հայտնել Իտալիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին օսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության սարսափներից փրկված մեր հայրենակիցներին գրկաբաց ընդունելու համար: Covid-19-ի պատճառով ստեղծված իրավիճակի պատճառով հայ համայնքի ներկայացուցիչների մի մասը, ուսանողները և ժամանակավորապես այստեղ գտնվող աշխատողները, ստիպված էին վերադառնալ Հայաստան:

- Կարո՞ղ է Մխիթարյանը աշխարհում ձեր երկիրը գովազդելու խթան համարվել: վկայություն:

- Հենրիխը փայլուն ֆուտբոլիստ է և ներկայացնում է մեզ աշխարհում: Որպես Իտալիայում Հայաստանի դեսպան, ցանկանում եմ, որ նրա կարիերայի ամենանշանակալի մասը կապվի հենց այս գեղեցիկ երկրի հետ:

--00--ԱԹ