Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը չի կայանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

իրավական

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը չի կայանա: Այդ մասին 24News-ին հայտնեց Գասպարյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը։ Նրա խոսքով՝  պաշտպաններից երկուսն արդեն մեկ շաբաթ է, ինչ ինքնամեկուսացած են և այդ հիմքով խնդրել են նիստը հետաձգել: 

Մեղադրական եզրակացությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը, 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ: Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա, 2015-2018թթ ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով, այլ անձի հետ հանցակցությամբ իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Վարդան Թունյանը մեղադրվում է Լեւոն Երանոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու մեջ, որը մեղադրանքի համաձայն՝ դրսեւորվել է ՀՀ ոստիկանության զորքերից մեկի զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալուց ազատելու եղանակով։

Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա,  զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտորի պաշտոնը եւ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում:

Տվյալ գործում Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթում է։

Սոնա Գրիգորյան

--0--ԿԿ