Սահմանից շուկա. ադրբեջանական ագրեսիան Ռուսաստանում. ժամանակագրություն

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 25, 24News

colaj

Ռուսական Meduza կայքն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանն ու այն ՌԴ տարածք տեղափոխելու ադրբեջանական փորձերին: Կայքը ներկայացրել է վերջին օրերի դեպքերի ու զարգացումների ժամանակագրությունը:

Հուլիսի 12-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումից օրեր անց՝ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում բախումներ սկսվեցին հայերի ու ադրբեջանցիների միջև: Մարյինո շրջանում ադրբեջանցիները կանգնեցնում էին հայկական համարներով մեքենաներն ու ծեծում մեքենաներում գտնվող անձանց: 

Զանգվածային անկարգություններ տեղի ունեցան նաև «Բրատիսլավսկայա» մետրոյի մոտ և Լյուբլինսկայա ու Նիժնիե Պոլյա փողոցների խաչմերուկում: «Ռուսաստանի հայերի միավորման» համանախագահ Դավիթ Տոնոյանը պատմել է, որ առավոտյան բազմաթիվ հայրենակիցներ՝ Մոսկվայի տարբեր շրջաններից, նկատել են, որ իրենց մեքենաները վնասված են: Բացի այդ, առնվազն հին հայ հարձակման է ենթարկվել, նրանցից մեկին դանակահարել են:

«Պահանջում էին ասել, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է»,- ասել է Տոնոյանը: 

Հուլիսի 24-ի ցերեկը կոնֆլիկտները շարունակվել են: Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրը հաղորդել է, որ Սալարյեվո շրջանում ադրբեջանցիների խումբը փայտե գերաններով և մետաղական ձողերով հարձակվել են հայերին պատկանող շինանյութերի խանութի վրա:

«Հայկական տուն» ռեստորանը ևս ադրբեջանական ագրեսիայի թիրախ դարձավ. այնտեղ պատուհաններ կոտրեցին, ծեծեցին ադմինիստրատորին: Զանգվածային անկարգությունների 30 մասնակից ձերբակալվել է, քրեական գործեր են հարուցվել խուլիգանության և այլ հոդվածներով:

 

Հուլիսի 25-ին Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալեց ավելի քան 60 ադրբեջանցիների ու հայերի: Այս կերպ ոստիկանները փորձեցին կանխել երկու համայնքների ներկայացուցիչների միջև հավանական բախումը:

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարել է, որ Մոսկվայի և Մոսկվայի տարածաշրջանի Դաշնային անվտանգության ծառայության վարչությունում հանդիպում է տեղի ունեցել: Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Անդրեյ Յացենկոն ներկայացրել է ուժայինների միասնական դիրքորոշումը՝ խոստանալով, որ բախումների, անկարգությունների բոլոր մասնակիցները խստագույնս կպատժվեն, և տեղեկացնելով, որ հարցը երկրի ղեկավարի անձնական հսկողության տակ է:

Մինչ այդ սկսել էին նաև տեղեկություններ ստացվել, որ ադրբեջանական ծագում ունեցող սեփականատերերն իրենց շուկաները և առևտրային տները փակել են հայկական ապրանքների համար: ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հուլիսի 18-ին հայտարարեց, որ ավելի քան 50 մեքենա հայկական ապրանք թույլ չեն տվել ադրբեջանցիների պատկանող «Ֆուդ Սիթի»-ում բեռնաթափել: Տողանյանն ասաց, որ հայկական դեսպանության ներկայացուցիչներին շուկայի աշխատակազմը ուժով դուրս է բերել:

ՀՀ իշխանություններն արձագանքեցին այս վիճակին՝ լուծումներ և այլընտրանքային տարբերակներ առաջարկելով: Հուլիսի 19-ին Վարդան Տողանյանն ասաց, որ խնդիրը հարթված է, սակայն չորս օր անց դեսպանը պատմեց, որ հայկական ապրանքներն անհետացել են ադրբեջանցի Արազ Աղալարովին պատկանող «Твой дом» առևտրային ցանցի կետերից: Տաղավարներից անհետացել էին հայկական պահածոները, հանքային ջուրն ու ալկոհոլը, դրանց փոխարեն հայտնվել էին ադրբեջանական արտադրության ապրանքներ: 

Ադրբեջանցիներն ագրեսիան դրսևորելու մեկ այլ ձև էլ գտան. դա հայկական ծիրանը ոտքերով ճզմելն էր:

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը հայ երիտասարդներին զսպվածության ու զգոնության կոչեր էին անում, հորդորում՝ չտրվել ադրբեջանական կողմի սադրանքներին, չներքաշվել որևէ անօրինական գործողության մեջ:

Անկարգությունների հեղինակ ադրբեջանցիներից մեկն այսօր Մոսկվայի ոստիկանության բաժանմունքից ուղերձ հրապարակեց և ներողություն խնդրեց իր պահվածքի համար: Ավելի ուշ տարածվեց «Ֆուդ Սիթի»-ի հայտարարությունը, որում նշվում էր՝ այլևս խտրականություն չի լինելու, կարևորվելու է սպառողը, գործընկերոջ և բաժնետերերի շահը՝ անկախ նրա ազգային և կրոնական պատկանելությունից:

--00--ԱԹ