Իմ ղեկավարության ժամանակ դիրքային նահանջ չի եղել. Սեյրան Օհանյանը պահանջում է հերքել լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

սեյրան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով գներալ–լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի հարցազրույցին, որտեղ վերջինս հայտարարել է, որ այն դիրքերը, որոնք վերջին օրերին վերցրել ենք, մերն են եղել, իսկ Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ թուրքը վերցրեց:

Սեյրան Օհանյանի հայտարարությունը՝ ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր hraparak.am կայքում հրապարակվել է «ԱՅԴ ԴԻՐՔԵՐԸ, ՈՐ ՎԵՐՑՐԵԼ ԵՆՔ, ՄԵՐՆ ԷԻՆ» հոդվածը, որում վաստակաշատ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի անունից ասվում է․ «․․․ էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին։ Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց» (նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ):

Քիչ առաջ խոսեցի Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ։ Նա ասաց, որ այդպիսի հայտարարություն՝ «․․․Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց», չի արել․ այն բացահայտ սուտ է եւ հերյուրանք։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանից հերքել, ապա նաև հեռացնել իրականությանը չհամապատասխանող, զրպարտանք պարունակող նյութը։

Հ. Գ. Իմ ղեկավարության ժամանակ 3-րդ զորամիավորման հրամանատար են եղել գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը, այսօր ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, գեներալ-մայոր Գրիգոր Խաչատուրովը, եւ նրանցից յուրաքանչյուրի հրամանատարության ընթացքում որեւէ դիրքային նահանջ չի եղել։

Նրանցից յուրաքանչյուրից կարող եք ստանալ այդ հարցերի ստույգ պատասխանները։

Ինչպես նաեւ կարող եք հարցնել Տավուշի համայնքային ղեկավարներին, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, թե ինչ աշխատանքներ են կատարվել այնտեղ իմ պաշտոնավարման ժամանակ։

Իսկ ես եւս մեկ անգամ պնդում եմ, որ իմ ղեկավարության տարիներին Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքերն անընդհատ բարելավվել են, միջդիրքային տարածություններում առաջ քաշվել, ինժեներական առումով՝ լայն թափով լրակահավորվել եւ բազմակի անգամ ամրապնդվել»:

--00—ԼՄ