ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

բդխ

Հուլիսի 21-ին ԲԴԽ-ն որոշում է կայացրել Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի լիազորությունները կասեցնել մինչև նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթների ավարտը։ Այդ մասին տեղեկանցնում է ԲԴԽ-ն։ 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը:

Հիշեցնենք, որ դատավոր Գեւորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն անցնում են Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործով։ Գեւորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով, Արա Կուբանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գեւորգ Նարինյանը երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Աննա Մաթեւոսյանը, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Դատավորները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հարուցված քրեական գործի մանրամասներին եւ հայտնելով, որ դատավորերին առնչվող գործով տուժող,  սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից եւ դրա արդյունքում ունեզրկման փաստից»:

--00—ԼՄ