ԱՄՆ-ն խստիվ դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

ամն դեսպանատուն

Միացյալ Նահանգները խստիվ դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին. այս դիրքորոշումը հստակ հնչեցվեց պետքարտուղար Պոմպեոյի կողմից չորեքշաբթի օրը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և ՄԱԿ-ի ԱԽ անդամ, գնահատում փաստը, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե պատրաստ է հարված հասցնել հայկական ատոմակայանին:

«Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը եւ օգտագործել իրենց միջև ուղղակի հաղորդակցության առկա ուղիները՝ խուսափելու հետագա էսկալացիայից և խստիվ պահպանելու հրադադարը։

Կողմերին նաեւ հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ամրապնդելու հրադադարը և հնարավորինս շուտ վերադառնալու առարկայական բանակցությունների։

Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ ոչ օգտակար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք լարվածություն են ստեղծում տեղում»,-ասված է դեսպանության պատասխանում:

--00--ԱԹ