ԵԱՀԿ ԽՎ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

քաղաքական

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գիգա Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ: Ինչպես տեղեկացրել են «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից՝ կողմերը խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ու հետագա դրության մասին, փոխանցում է aliq.ge-ն։

Հայաստանի Հանրապետության ԱԺ խոսնակի խոսքով՝ այժմ ռազմական գործողություններ չեն ընթանում, չնայած առանձին խախտումներ կան: Նա նշել է նաև, որ կարևոր է միջազգային կազմակերպությունների, հատկապես ԵԱՀԿ-ի միջնորդությունը կրակի դադարեցման և բանակցությունները շարունակելու հարցում:

Գիգի Ծերեթելին իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունները վերսկսելը վնասում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հեռանկարը ու վտանգ է հանդիսանում տարածաշրջանի անվտանգության համար: Ծերեթելին նաև իր մտահոգությունն է հայտնել, որ բախումների արդյունքում զոհվածներ ու վիրավորներ կան:

«Ցավալի է, որ համաճարակի ժամանակ, երբ ավելի շատ համագործակցություն էինք ակնկալում երկրներից, նման բախում է տեղի ունենում, իսկ բնակչությունն էլ ավելի անպաշտպան է իրեն զգում: Պետք է ամեն ինչ արվի, որ շարունակվեն բանակցությունները, հակամարտությունը լուծելու քաղաքան կամք լինի՝ ԵԱՀԿ սկզբունքների ու միջազգային նորմերի համաձայն»,- ասել է Գիգի Ծերեթելին:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են կողմերի հետ:

--0--ԿԿ