Դատապարտվում ես օրենքը խախտելու համար, պատիժը կրում՝ ՔԿՀ ներքին չգրված կանոններով

106992119_609866713055908_4269444048564586640_n.jpg

«Պինդ կմնաս, դիմացի'ր տղաս». մեղադրական դատավճռի ու սեղանին մուրճի հարվածին զուգահեռ լսվեց մորս ձայնը: Շուրջ 5 տարի առաջ՝ դատավճռի հրապարակման պահին, մոր շուրթերից լսած խոսքերը լրագրող Արմեն Դավթյանը չի մոռանում ու երևի թե երբեք էլ հիշողությունն այնքան բարեհաճ չգտնվի իր նկատմամբ ու անհետ ջնջի այդ օրն ու մոր արցունքախառն աչքերը:

 Դատավճիռների հրապարակումներ շատ էր լսել, գրել էր ինչպես մեղադրական, այնպես էլ՝ արդարացման դատավճիռներ․ լրագրողի աշխատանքն է այդպիսին:  Գրում էր, բարձրաձայնում դատական սխալների, հիմնավորված մեղադրանքների, ամբաստանյալի աթոռին նստած անձանց՝ նրանց անմեղ լինելու պնդումների, ինչպես նաև վերջիններիս հարազատների ապրումների մասին, սակայն երբևէ չէր մտածել, որ մի օր ոչ թե գրելու է, այլ լսելու է իր վերաբերյալ մեղադրական դատավճիռ:

2015թ. սեպտեմբերի 11-ին առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով 5,5 տարի ժամկետով  ազատազրկման դատապարտված լրագրողը մեզ հետ զրույցում  նշում է. «Հայտնվելով  ՔԿՀ –ում չես կարող չօգնել բախտակիցներիդ. դառնում ես քրեական ենթամշակույթի զոհ: Կալանավայրում նորից սխալվեցի, այս անգամ՝ 2018թ. դեկտեմբերին, դատապարտվեցի ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 313-րդ հոդվածի 1-ին մասով և իմ նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց 2 տարի ժամկետով ազատազրկում»:

Անազատության մեջ խորհելու ժամանակը շատ է,- ասում է Արմենն ու հավելում,- «ամեն միտք սկսվում է «ինչու» հարցական դերանվամբ և  որտե՞ղ են այն մարդիկ ովքեր մինչ այդ ընկեր էին, գործընկեր»:  Թեև ընկերներից շատերը ազատազրկվելու պահից հրաժարվել են իրենից, սակայն եղել են այնպիսիք, ովքեր այսօր էլ պատրաստակամ են և աջակցում են իրեն:

 Հիմա, ավելի քան երբևէ, գիտակցում է՝ մասնագիտության նկատմամբ մեծ հարգանք պետք է դրսևորել, գրածդ խոսքի ուժը և ճշմարտացիությունն ամեն ինչից կարևոր է. «Որևէ մեկին չեմ մեղադրում, դրա իրավունքն էլ չունեմ, սակայն գրեցին առանց ճշտելու, փաստերի ստուգման սիրուն չէր,  հավատացեք»:

 

 «Գորիս» ՔԿՀ մտնելուց ժամեր անց ինձ մոտեցավ «զոն նայողը» և փորձեց «լոմկից» հանել: Բացատրեց կարգը (իր չգրված կանոնները) պարտադիր բոլոր դատապարտյալների համար»,- պատմում է Արմենն ու հարցիս, թե որո՞նք են այդ պարտադիր կանոնները մանրամասնում՝ մենակ չգնալ որևէ աշխատակցի մոտ, չզանգել, չբողոքել՝ «պատկերացրու մեծ շենք ու լիքը հարևաններ,  ուղղակի միասին ենք ապրում»,- ասել է չգրված կանոնների հեղինակը:

«Չգրված կանոններին ծանոթանալուց օրեր անց հերթը հասավ  «գողական բարքերին» ու  «օբշակին մուծումներ» անելու կանոններին ծանոթանալուն»,- նշում է Արմենն, ապա վերհիշում ՔԿՀ-ում հայտնվելու առաջին օրերը՝  դատապարտյալների համար անսովոր է եղել, մտածել են  լրագրող է՝ պետք է զգուշանալ, սակայն աստիճանաբար նա էլ դարձել է  բախտակից՝ ընդունել են որպես իրենցից մեկը:

Լրագրող դատապարտյալը քրեակատարողական հիմնարկում ևս չի դադարում ստեղծագործել. «Հիմա գիրք եմ գրում կալանքի տարիների մասին, որտեղ սայթաքեցի և ինչու 5 տարի, կռվում եմ էս կողմերում»,- ասում է նա:

Իսկ թե ինչո՞վ է օրը լցնում, նշում է՝ կարդում է, բախտակիցներին երբեմն օգնում է խնդրագրեր գրել, տարբեր ատյաններին դիմումներ ներկայացնելու ճանապարհները գտնել. «Ինչպես բոլոր դատապարտյալները՝ օրեր ենք գլորում»:

Ըստ նրա՝ ՔԿՀ-ում զբաղվածության խնդիրն այդքան էլ լուծված չէ, աշխատատեղերը սահմանափակ են. նույնիսկ չվճարվող աշխատանքներում ընդգրկվելն է դժվար: Աշխատանքը ՔԿՀ-ում օգնում է վաղաժամկետ ազատվելու հարցում՝ 3 միավոր է ապահովվում, ուստի շատերն են ձգտում աշխատել, թեև, եթե ցանկանում ես աշխատանք ունենալ, բայց հնարավորություն չկա այդ դեպքում 1 միավոր է հաշվվում:

Անդրադառնալով դիտարկմանս, թե ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդիր կա՝ Արմենը նշում է. «Արմավիր» ՔԿՀ-ում նման խնդիր չկա, 4 հոգու համար նախատեսված խցում 2 հոգով են:

Սննդի խնդիրն էլ այժմ լուծված է՝ ճաշացանկն ու որակը փոխվել է. «Նախկին անհամ, անգույն ճաշերն էլ չկան՝  մասնավոր մատակարարում է, աղցաններ, իշխան ձուկ, թխվածքներ, էական փոփոխություն կա», - արձանագրում է լրագրող դատապարտյալը:

Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, ապա Արմենը նշում է, որ նման ծրագրերին ընդգրկվելը ևս 3 միավոր է ապահովում՝ դրական վարքագիծ ունենալու և պայմանական վաղաժամկետ ազատվելու համար:

Ինքը չի ընդգրկվել ոչ մի ծրագրի՝ մերժել են անգլերենի ուսուցման խմբում ընդգրկել՝ պատճառաբանելով, որ խմբում տեղ չկա: Հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորմամբ ԲՈւՀ-ն ավարտած Արմենին առաջարկել են հայոց լեզվի դասերին մասնակցել: Պատմում է ու  ժպտում, սակայն անմիջապես էլ  շտապում ավելացնել. «Կրթական ծրագրերի անհրաժեշտություն քրեակատարողական հիմնարկներում միշտ կա, երբևէ չէի կարող պատկերացնել, որ 23-25 տարեկան երիտասարդը կարող է մայրենի լեզվին չտիրապետել»:

 Սակայն ըստ նրա՝ պետք է այնպիսի ծրագրեր ներդրվեն, որոնք դատապարտյալներին կօգնեն ազատություն վերադառնալիս գործնականում կիրառել:

Այսօր Covid- 19 համավարակի պայմաններում դասընթացներն անցկացվում են առցանց, և  ըստ  Արմենի.  «Ցանկալի կլինի  ժամաքանակն ավելացնել»: Բախտակիցների հետ քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ շաբաթական 1 օր՝ 3 ժամը, քիչ է:

Ինչ վերաբերում է ազատություն վերադարձին՝ Արմենը  գտնում է, որ սխալվել բոլորը կարող են, բայց չի կարելի այդ սխալը միշտ մատնացույց անել ու հասարակությունից նախկին դատապարտյալին առանձնացնել. «Ինքս մտավախություն ունեմ, որ ազատություն վերադառնալով կկարողանամ շուտ վերաինտեգրվել հասարակությանը: Գործատուն պետք է փոխի մտածելակերպը նախկին դատապարտյալ լինելը չպետք է խարան լինի՝ մենք էլ մարդ ենք, մենք էլ ուզում ենք աշխատել, հնարավորություն պետք է տրվի»:

Պատմում է նա ու հավելում՝ անազատության մեջ գտնվողների մեծ մասը համարում է, որ մեղավոր չէ անտեղի են «փակել»:

 Արմենը հույս ունի, որ դժվարություններով և փորձություններով լի այս  տարիները շուտով կավարտվեն․ցանկանում է  պայմանական վաղաժամկետ ազատվել և խնդրագրով  դիմել է ՀՀ նախագահին:

Էլեն  Առաքելյան

Լուսանկարը՝ www.aravot.am-ի