Ես կանգնած եմ հայրենակիցներիս կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանին են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

քիմ

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ Instagram-յան իր էջում գրել է․

«Բոլոր նրանց համար, ովքեր գուցե չգիտեն, թե այժմ ինչ է կատարվում Հայաստանում, ես կցանկանայի ներկայացնել ստեղծված իրավիճակը՝ ակնկալելով ձեր աջակցություն։ Ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա»:

Իսկ թվիթերյան իր էջում Քարդաշյանը իր հետևորդներին հայտնել էր, որ Հայաստանի տարածքում թիրախավորվել են քաղաքացիական կառույցներ, իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել Հայաստանում գտնվող ատոմակայանին։

Ամերիկահայ աստղը հավելել էր նաև, որ հաջորդ շաբաթ Կոնգրեսում տեղի է ունենալու քվեարկություն, որով երաշխավորվելու է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում այնպիսի ռազմական օգնություն, որն այնուհետև օգտագործվելու է Հայաստանի և Արցախի դեմ:

«Կոչ եմ անում ուշադրություն դարձնել այս զարգացումներին և միջամտել՝ կիրառելով այնպիսի քաղաքական և դիվանագիտական միջոցներ, որոնք կկանխեն հետագա սրումն ու մարդկային կյանքերի կորուստը: Ես կանգնած եմ հայրենակիցներիս կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանին են»,-նշել էր Քարդաշյանը:

--0--ԱՀ