Ադրբեջանցիները հարձակվել են երրորդ կողմի դրդմամբ. Փաշինյանը՝ Միշուստինին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Նա նշել է, որ 2019-ը արդյունավետ էր, քանի որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աննախադեպ ծավալներ է ունեցել, սակայն կորոնավիրուսի պատճառով տեմպերը նվազել են: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ շուտով այդ տեմպը կվերականգնեն:

Փաշինյանը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ընդգծել՝ դեռ հայտնի չէ՝ ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են հարձակվել Հայաստանի սահմանների վրա:

«Ես ձեզ մանրամասներ կհայտնեմ այդ մասին: Ուզում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ոնենում երրորդ կողմի դրդմամբ, և դեռ պետք է հասկանալ՝ ով, ինչով և ինչու է հետաքրքրված, սա ևս կարևոր քննարկման առարկա է»,- ասել է նա:

Միշուստինը նշել է, որ համավարակը տարբեր երկրների համագործակցության մեջ որոշ «խմբագրումներ» է արել, Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության տեմպը նվազել է, սակայն նա հույս է հայտնել, որ համատեղ ուժերով կհասնեն նախկին տեմպերին: 

--00--ԱԹ