Ա․ Հարությունյանը «Ազատ հայրենիք - ՔՄԴ»-ի անդամների հետ խոսել է սահմանի իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 16-ին ընդունել է ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության անդամներին՝ վերջիններիս առաջարկով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանի եւ կառավարության միջեւ համագործակցության մակարդակը եւ հույս հայտնել, որ հետագայում այդ աշխատանքները նոր որակ կստանան եւ կլինեն արդյունավետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանին ստեղծված լարվածության վերաբերյալ եւ այդ համատեքստում դատապարտել են Ադրբեջանի դրսեւորած ագրեսիվ եւ ապակառուցողական վարքը:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամներ:

--0--ԱՀ