Թշնամու սանձազերծած գործողությունների զսպիչ ուժը մեր բանակի պաշտպանությունն է. Գարեգին Բ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

․

Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է: Այս մասին գրառում է կատարված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

«Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է․․․։

Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հետևորդ աստվածապատվեր խաղաղության ու համերաշխության, նախանձախնդիր՝ աստվածաշնորհ ազատության: Հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ կյանքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է մեզ համար: Մեր ժողովուրդը, որ իր պատմության ընթացքում օրհասական վտանգների դեմ համախումբ, իր հավատքի ուժով և ոգու արիությամբ բազում հաղթանակներ է կերտել, այսօր ևս նույն հանձնառությամբ հերոսաբար կանգնած է ընդդեմ վայրագությունների ու բռնությունների, ընդդեմ պարտադրված պատերազմի՝ վերահաստատելու համար խաղաղությունը:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները նույնպես մարտնչող մեր զինվորների կողքին են՝ հավատքով զորացնելով ու քաջալերելով մեր հայրենյաց պաշտպաններին և աղոթելով, որ միշտ հաղթական լինի բազուկը հայ զինվորի»: