Սա երկու երկրների միջև համերաշխության և բարեկամության նշան է. Գերմանիան օժանդակում է ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

․

Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության Գերմանական օդուժը (Team Luftwaffe) պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստան ուղարկված հումանիտար առաքելությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ ասված է.

«Քաղաքացիական-ռազմական համագործակցության լավ օրինակ. #Team_Luftwaffe-ն կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին օգնության տրամադրման նպատակով տեղափոխել է բժշկական անձնակազմ և սարքավորումներ»:

Հումանիտար առաքելության մասին հաղորդագրությունը տարածել է նաև ԳԴՀ ԶՈՒ (Bundeswehr) պաշտոնական կայքէջը՝ «Գերմանիան աջակցում է Հայաստանին COVID-19 համավարակի դեմ պայքարում» վերնագրով:

«Սա երկու երկրների միջև համերաշխության և բարեկամության նշան է: Գերմանիան Հայաստան է ուղարկում առողջապահության ոլորտի 16 մասնագետ, ինչպես նաև բժշկական սարքավորումներ: Կորոնավիրուսի համավարակը ծանր հարված է հասցրել գրեթե երեք միլիոն բնակչությամբ այդ երկրին, որտեղ կա շուրջ 33.000 վարակված անձ: Գերմանական օդուժն ապահովում է օգնության փոխադրումը:

Երկուշաբթի առավոտյան Քյոլնում պատրաստ կանգնած էր A310 մակնիշի «Կուրտ Շումախեր» 10+23 գրանցմամբ օդանավը՝ վերալիցքավորվելով իր կարևոր առաքելության համար: Անհատական պաշտպանիչ սարքավորումները, շնչառական սարքերը և դեղորայքը սպասում են օդային բեռնաթափման զինծառայողների կողմից օդանավում պահեստավորվելուն: Գերմանական Միջազգային որոնողական և փրկարարական կազմակերպության (ISAR) բժիշկները և մասնագետները, գերմանական օդուժով ուղևորվում են Երևան՝ իրենց հայ գործընկերներին սատարելու համավարակի դեմ պայքարում՝ կամավոր հիմունքներով: «Իմ թիմը կազմված է բացառապես կամավորներից, որոնք այս առաջադրանքի համար արձակուրդ են վերցրել»,- հայտնում է թիմի ղեկավար Սթիվեն Բայերը՝ հավելելով.

«Թիմն արդեն նմանատիպ գործողությունների փորձառություն ունի: Մեր կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը ներառում է որոնողական և փրկարարական աշխատանքներից մինչև բժշկական օգնություն»:

Օդանավում է եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: «Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Դաշնային կառավարությանն այս առաքելությունը կազմակերպելու համար: Գործուղվող բուժանձնակազմը բաժանվելու է երեք խմբերի՝ տեղակայվելով երեք տարբեր հիվանդանոցներում, որտեղ, մասնավորապես, բուժվում են COVID-19-ով վարակված հիվանդները: Վստահ եմ, որ գերմանացի բժիշկներն իրենց փորձով և գիտելիքներով մեծ ներդրում կունենան Հայաստանում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում»,- նշել է դիվանագետը:

«Հայաստանը, որի տարածքը մոտ 30.000 քառակուսի կիլոմետր է և գրեթե համապատասխանում է Բրանդենբուրգի տարածքին, ներկայումս համավարակի պատճառով հայտնվել է բավականին բարդ դրության մեջ: Մինչ այժմ երկրում գրանցվել է ավելի քան 600 մահվան դեպք: Երեք միլիոնից քիչ բնակչություն ունեցող երկրի համար սա բավականին մեծ թիվ է: Բունդեսվերի համար աջակցության ցուցաբերումը տարբեր պատճառներով նաև պատվի խնդիր է: Բարեկամ Հայաստանն իրեն որպես շատ հուսալի գործընկեր է դրսևորել նաև ռազմական համագործակցության հարցերում, օրինակ՝ Աֆղանստանում: Հայաստանին նման օժանդակության ցուցաբերումը հնարավորություն է տալիս նաև շնորհակալություն հայտնել նախկինում լավ համագործակցության համար: Ներկայումս Գերմանիան բավական լավ է վերահսկում համավարակը: Մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրված տեմպի նվազումը դեռևս պահպանվում է, երկրորդ ալիք չի սկսվել: Նաև դրա արդյունքում է դաշնային կառավարությունը կարողանում հաջող կերպով միջազգային օգնություն ցուցաբերել: Աջակցությունը Հայաստանին նաև լավ համակարգված քաղաքացիական-ռազմական համագործակցության վառ օրինակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։