«Մոսկվա-80». Օլիմպիական խաղերի 40ամյակին նվիրված նախագիծ «Գալաքսի» ընկերությունների կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

հասարակական

Մեդիամաքս մեդիա-ընկերությունը եւ «Գալաքսի» ընկերությունների խումբը գործարկել են «Մոսկվա-80» հատուկ նախագիծը՝ նվիրված 1980 թվականի` Մոսկվայի Օլիմպիական խաղերի 40-ամյակին: moscow80.mediamax.am հարթակում գործարկված նախագիծն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պատմելու է Մոսկվայի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկների մասին:

«1980 թվականի Օլիմպիական խաղերը հատուկ տեղ ունեն շատերի հիշողություններում, եւ պատճառներից մեկը հայ մարզիկների ելույթներն են ու, հատկապես, Յուրի Վարդանյանի անհավատալի ռեկորդները: Մոսկվայի խաղերից անցել է 40 տարի եւ մենք որոշեցինք հաճելի հիշողություններ պարգեւել ավագ սերնդի ներկայացուցիչներին, իսկ ավելի երիտասարդներին պատմել, թե ինչպես էին կերտվում հաղթանակները: Շնորհակալ ենք «Գալաքսի»-ին, որի գլխավոր գործընկերության շնորհիվ կարողացանք նախագիծը ներկայացնել գեղեցիկ եւ նորարար ձեւով», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

1980 թվականին Օլիմպիական խաղերի չեմպիոններ են դարձել ծանրորդ Յուրի Վարդանյանն ու մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը, արծաթե մեդալակիրներ՝ ջրացատկորդ Սիրվարդ Էմիրզյանը, ծանրորդ Յուրի Սարգսյանն ու սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը, որը նաեւ բրոնզե մեդալ է նվաճել: ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում Խորեն Հովհաննիսյանն ու ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանն էլ բրոնզե մեդալներ են ստացել:

«Մոսկվայի օլիմպիական խաղերը մեր ծնողների սերունդի պատմության կարևոր մասն են։ Տուրիստական հյուրանոցներ, «Կոկա-կոլա», «Ադիդաս». ընդունված է ասել, որ ԽՍՀՄ երկաթե վարագույրը ընկավ աշխարհի այս ամենաքաղաքականացված օլիմպիդայի արդյունքում, ուստի անկախ Հայաստանի սովետական ժառանգության այս դրվագը ավելի քան կարևոր է իմանալ։ Հատկապես այսօր, երբ երիտասարդները ապրում են մեկ օրվա տրամադրությամբ ու «Տիկ-Տոկ» հեռախոսային ծրագրով, հուսով ենք, որ «Մեդիամաքսի» այս նախագծը կօգնի մեր երիտասարդներին հաղորդակից լինել անցյալի պատմության այս հետաքրքիր դրվագներին»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն հոլդինգային ընկերություններից մեկն է՝ իր կազմում ներկայացնելով 15 ընկերություն՝ 3 երկրում։ Ընկերության շրջանառության զգալի մասն ուղղվում է Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման և արվեստի ոլորտներում՝ Հայաստանում մտքի առաջնորդության և մտավոր կապիտալի զարգացման համար։

--0--ԿԿ