Երևանում աղբամաններ գողացած տղամարդիկ բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում օրերս տեղեկություններ ստացան, որ մայրաքաղաքում և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում բնակվող երեք տղամարդ Երևանի տարբեր վարչական շրջաններից գողացել են Երևանի քաղաքապետարանին պատկանող պլաստմասսե աղբամաններ, որոնցից յուրաքանչյուրն արժե մի քանի հարյուր հազար դրամ։

Մալաթիայի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողացված աղբամանները տարվել են Մուսալեռ գյուղի սկզբնամասում գտնվող մի արտադրամաս։ Այնտեղ գողոնը մասնատվել է՝ հումքի վերածելու և վաճառելու նպատակով։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Մալաթիայի ոստիկանները կասկածվողներին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդիկ խոստովանել են կատարածը։ Մասնատված աղբամանները հայտնաբերվել են։ Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամանքները պարզվում են։ --0—ՄՀ