ՀՀ-ն սատարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

ю

Հուլիսի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդես է եկել տեսաուղերձով` ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում։ 

Բարձր մակարդակի քաղաքական ֆորումը կայուն զարգացմանը նվիրված ՄԱԿ-ի հիմնական հարթակն է, որը գլոբալ մակարդակով հետևում ու գնահատում է «2030 Օրակարգի» և կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Հուլիսի 10-ին Հայաստանը ներկայացրել էր ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը։

Իր ելույթում նախարարի տեղակալը նշել է, որ ունենալով լայն ժողովրդական մանդատ՝ Հայաստանի կառավարությունն իրականացնում է բարեփոխումների հավակնոտ ծրագիր՝ ուղղված երկրի կայուն զարգացմանը։ Բարեփոխումները ներառում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները՝ կենտրոնանալով մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային կառավարման արդյունավերության, տնտեսական և սոցիալական զարգացման վրա։

Ապիտոնյանն անդրադարձել է նաև COVID-19 համավարակով պայմանավորված աշխարհում ստեղծված աննախադեպ իրավիճակին՝ նշելով, որ միայն համերաշխության, արդյունավետ բազմակողմանիության և միջազգային հանրության ջանքերի համակարգման միջոցով հնարավոր կլինի հաղթահարել ներկայիս մարտահրավերները և կանխել նմանատիպ համավարակների ապագա բռնկումները։

ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի հավասար հասանելիությունը գլոբալ առաջնահերթություն է, և ոչ ոք, ներառյալ հակամարտությունների գոտիներում ապրողները չպետք է զրկված լինեն դրանցից կամ սահմանափակ մատչելիություն ունենան։

Ընդգծելով, որ առանց խաղաղության չի կարող լինել կայուն զարգացում, ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանն աներկբայորեն սատարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային հրադադար հաստատելու կոչին և ողջունում  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2532 բանաձևի ընդունումը` COVID-19 համավարակի վերաբերյալ, որում պահանջվում է «բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում»:

--0--ԱՀ