Թուրքիան հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

1

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Հայտարարությամբ հանդես եկած Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատության թիրախ է դարձրել ՀՀ զինված ուժերի գործողությունները՝ որակելով դրանք «ագրեսիվ ազգայնամոլական գաղափարների նոր դրսևորումներ»։Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

Պաշտոնական Անկարան ցավակցություն է հայտնել «բարեկամ և եղբայր» Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանն ադրբեջանական բանակի կորուստների կապակցությամբ և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։ 

Ըստ աղբյուրի՝ տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Հայաստանն իբր ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել «Ադրբեջանի տարածք ԼՂ-ի և շրջակա տարածքների ապօրինի բռնազավթումից», հակամարտությանն ավելացնել նոր չափորոշիչներ և արգելափակել հիմնախնդրի քաղաքական լուծումը։

«Հայկական կողմը պետք է հրաժարվի նմանատիպ վտանգավոր մարտավարությունից, պետք է ընտրի ողջախոհությունը և իրավական ճանապարհը։ Սեփական կարողությունները գերազանցող նպատակների համար արկածախնդրության դիմելը ցույց է տալիս, որ Հայաստանը ամենամեծ խոչընդոտն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ 

Թուրքիան շարունակելու է իր բոլոր հնարավորություններով լինել Ադրբեջանի կողքին՝ տարածքային ամբողջականությունը պահպանելու նրա պայքարում»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «УАЗ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «УАЗ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: Վաղ առավոտյան ադրբենական կողմը վերսկսել է կրակոցները:

--00—ԼՄ