Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկրի անկանխատեսելի հետևանքի պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News

«Ադրբեջնական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են, ինչի պատճառով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը», - այդ մասին կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Փաշինյանը խիստ մտահոգիչ համարեց նաև տարածաշրջանային անկայունություն հրահրելու՝ Թուրքիայի գործելակերպը, որը, ըստ նրա, լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին։ 

«Արդեն տևական ժամանակ է Ադրբեջանը փորձում է խաղարկել հակահայկական քարտը՝ իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով: Հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդակային կյանքերի, այդ թվում՝ Ադրբեջանի զինվորների նկատմամբ», - նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի կոչին՝ վստահեցնելով, որ որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնալու։

Նիկոլ Փաշինյանը նաև կոչ արեց բոլորին այս իրավիճակում անվերապահ զորակցություն հայտնել զինված ուժերին և հրամանատարներին։

--00—ԼՄ