ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.-օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ հուլիսի 10-ին Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ժամը 23:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Գրիշա Ա.-ն է, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանությունը պարզել է, որ Գրիշա Ա.-ն հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն վարչական շրջանում գործող «Վան» ռեստորանային համալիրից:
Ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը ծննդյան արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն ավարտվել է դանակահարությամբ:
Պարզել է նաև վիճաբանության մասնակիցների ամբողջական ցանկը, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դանակահարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ըստ աղբյուրի՝ օպերատիվ տվյալներով պարզվում է նաև այն հանգամանքը, թե արդյոք վիճաբանությանը մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ ծառայողներ, քանի որ, ըստ ականատեսների, այնտեղ եղել են ՊՆ ծառայողներ:
«Վան» ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին:
--00—ԼՄ