Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News 

Պետդումա

Ռուսաստանի Դաշնության Պետդուման արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։ 

Դուման հարցի շուրջ դիմել է Թուրքիայի խորհրդարանին՝ կոչ անելով խոհեմություն դրսևորել։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։ 

Թեմային արձագանքել են ՌԴ խորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Մասնավորապես Պետդումայի միջազգային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է, որ  «այդ հարցը չափազանց կարևոր է քրիստոնեական աշխարհի համար»։

Դումայի բոլոր խմբակցությունները Թուրքիայի իշխանություններին կոչ են արել  փոփոխության չենթարկել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշումը՝ կապված Սուրբ Սոֆիայի տաճարի հետ։

Ռուս պատգամավորների կարծիքով պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխվի քրիստոնեական աշխարհին հասցվելիք վնասը։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերեծոլու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու գործիքի։   --0—ՄՀ