Գեղարքունիքի մարզում կասեցվել են բենզալցակայանների, գազալցակայանների գործունեությունը.ՇՎՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

ю

Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել: «Սուրմալու» առևտրի կենտրոնում նախկինում դիտարկված և արձանագրված բոլոր խախտումները տնտեսավարողների կողմից վերացված են եղել: Հիշեցնենք, որ օրերս նշված առևտրի կենտրոնում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պաշտպանության նկատմամբ թույլ տրված խախտումների արդյունքում 24 ժամով կասեցվել էր 16 տնտեսավարողի գործունեություն:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այսօր նաև կասեցումներ է կատարել Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Պարետի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեություն: Նշված տնտեսավարողների գործունեությունը դադարեցնելու համար հիմք է հանդիսացել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների ու ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը: Գազալցակայաններում բացակայել են նաև գծանշումները:

Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինանյութի խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:

--0--ԱՀ