Ալիևը պետք է հասկանա՝ ներքաղաքական հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում միասնական ենք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News  

Տաթևիկ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը համավարակի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում, իհարկե, չի մոռացել նաև անդրադառնալ Հայաստանին:

Գրեթե ամբողջությամբ կրկնելով նախորդ ելույթի հիմնական դրույթները՝ Ալիևը որոշել է «վախկոտ» անվանել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով իր բոլոր թերություններով հանդերձ, գտել է ուժ անարյուն հեռանալ իշխանությունից՝ ժողովրդի ճնշման ներքո:

17 տարի իշխանությունը հորից ժառանգած բռնապետ Ալիևը «վախկոտ» է համարում այն քաղաքական գործչին, ով չհանդգնեց երրորդ անգամ ղեկավարել երկիրը և հեռացավ խաղաղ, ոչ բռնի հեղափոխության արդյունքում: Փաստացի, նավթային բռնապետի համար ժողովրդի կամքը հաշվի առնելը, ժողովրդի ճնշումներին ենթարկվելը և իշխանությունը ժողովրդին թողնելը «վախկոտություն» է:

Հետևաբար, ալիևյան «քաջության» դրսևորումը իր ցմահ իշխանությունն է և դինաստիական կառավարումը, որի տապալման ուղղված ամենաչնչին փորձերն անգամ խեղդվում են արյան և բռնաճնշումների մեջ: Նա իր ժողովրդին կոչ է անում երբեք իրեն չզրկել իշխանությունից և «վախկոտ» չդարձնել:

Անդրադառնալով վերջին 2 տարիներին Հայաստանում ստեղծված իրականությանը՝ Ալիևը իրավական գործընթացները կրկին ներկայացնում է «քաոսի» տեսքով՝ քաջ գիտակցելով, որ եթե Ադրբեջանում մի օր հաղթի ժողովրդավարությունը և ձևավորվի լեգիտիմ կառավարություն, ապա առաջին հերթին, հենց Ալիևն ու իր ամբողջ դինաստիան կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ իրենց թալանած գումարները՝ կվերադարձվեն ժողովրդին: Ահա այստեղ են թաքնված Բաքվի բռնապետի իրական վախերը:

Իսկ ժողովրդի կամքի ուժը թող ոչ ոք չթերագնահատի: Ամփոփելով նշեմ, որ Ալիևը պետք է հասկանա մեկընդմիշտ՝ ներքաղաքական հարցերում մեր դիրքորոշումների բոլոր հակասություններով հանդերձ՝ Արցախի հարցում մենք միասնական ենք, մեր ազատ ապրելու իրավունքն անբեկանելի է, իսկ մեզ բնաջնջելու ադրբեջանական «երազանքը»՝ անիրականանալի»:      --0—ՄՀ