ԿԳՄՍՆ-ն կանցկացնի COVID-19-ի մարտահրավերներ և հնարավորությունների մասին աշխատաժողովներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 7, 24News

կորոնա

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի օգոստոսի 22-24-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ (ՀՎՀ) միասին կազմակերպում է «Հայաստան–սփյուռք համագործակցությունը covid-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համահայկական կրթական առցանց աշխատաժողովներ:

Աշխատաժողովների հիմնական նպատակն Է քննարկել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ հեռավար կրթության դերն ու նշանակությունը, կիսվել Հայաստանում և սփյուռքում հաջողված կրթական ծրագրերի իրականացման փորձով, մատնանշել սփյուռքի համար հեռավար կրթական ծրագրերի դրական ներուժի զարգացման հեռանկարները:

Աշխատաժողովներին կարող են մասնակցել սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության հարցերով հետաքրքրված մարմիններ, անձինք (դասագրքերի և ծրագրերի հեղինակներ, դասախոսներ, ուսուցիչներ), հեռավար կրթության կազմակերպիչներ:

Աշխատաժողովների թեմատիկ ուղղությունները և օրակարգը.

Աշխատաժողովներն ընթանալու են հետևյալ ուղղություններով.

Հեռավար կրթության դերն ու նշանակությունը սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության գործում.

Սփյուռքի տարբեր հատվածների հորիզոնական համագործակցության հնարավորությունները և հեռանկարները.

Հայաստանի Հանրապետության՝ սփյուռքում կրթության գործին աջակցության ծրագրերը, դրանց նպատակները և բովանդակությունը:

Աշխատաժողովների թեմատիկ օրակարգը ձևավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի, Արցախի ու սփյուռքի մասնակիցների առաջարկների հիման վրա:

Առավել մեծ նշանակությունը տրվում է թագավարակի պայմաններում սփյուռքում համակարգված, ինստիտուցիոնալ որոշումների հիման վրա աշխատանքի կազմակերպման դրական փորձի ներկայացմանը:

Ակնկալվում է բացահայտել այնպիսի հեռավար ուսուցման պրակտիկաներ, ծրագրեր, մեթոդներ, որոնք հնարավոր կլինի տարածել նաև այլ համայնքներում և որոնք կարող են ընդհանուր կրթական դաշտի համար նախապայման հանդիսանալ: Աշխատաժողովներին մասնակցելու ցանկացողները կարող են գրանցվել 2020 թ. հուլիսի 15-ից մինչև 2020 թ. օգոստոսի 21-ը:

Մասնակցելու հայտը տեղադրված է լինելու նշված ժամկետում www.avc-agbu.org կայքում, իսկ դրա հղումը նաև՝ www.escs.am կայքում: Առաջարկների և զեկուցումների (ներկայացումների) համար գրանցումը բաց է լինելու 2020թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 1-ը: Հայտաձևը տեղադրված է լինելու նշված ժամկետում www.avc-agbu.org կայքում, իսկ դրա հղումը նաև՝ www.escs.am կայքում:

Աշխատաժողովների ձևաչափը. Աշխատաժողովներն անցկացնելու համար նախատեսվում է օգտագործել ՀԲԸՄ ՀՎՀ-ի հարթակը, որտեղ կտեղադրվեն հայտարարություններ, օգտակար հղումներ, օրակարգը, խոսնակների զեկույցների համառոտ նկարագրությունը, կկազմակերպվեն առցանց քննարկումներ:

Աշխատաժողովները կանցկացվեն առցանց՝ Zoom հարթակում, իսկ կայացած առցանց աշխատաժողովների տեսագրությունները կտեղադրվեն ՀՎՀ-ի հարթակում:

--00—ԼՄ