COVID-19-ի օրերին աջակցության կենտրոնները խորհրդատվություն են տրամադրում քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 2, 24News

երևան

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդության՝ Հայաստան թափանցման առաջին իսկ օրերից Հայկական Կարմիր խաչը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» և «Հայկական բժշկական ասոցիացիա» ՀԿ-ներն իրենց ծառայություններն են առաջարկել սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղությամբ:

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, արտակարգ ռեժիմով առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, շարունակում է իր Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանների միջոցով խորհրդատվություն տրամադրել անհանգստություններ ունեցող քաղաքացիներին, այդ թվում՝ մեկուսացված անձանց։

Դիմողների, հատկապես վարակվածների և մեկուսացվածների հետ տարվող աշխատանքն ուղղված է հիմնականում անձի հոգեբանական վիճակի կայունացմանը, ինչպես նաև մեկուսացման և սոցիալական շփումների սահմանափակման կանոնների պահպանմանը, ինչն իր հերթին նպաստում է վարակի տարածման կանխմանը։

Դիմողների հետ աշխատանքը տարվում է` հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները, սեռը և ընտանեկան կարգավիճակը», – ասված է տարածված հաղորդագրության մեջ: 

--00—ԼՄ