Միրզոյանը շնորհավորել է դատախազության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News 

հասարակական

Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին և դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի' դատախազներ եւ դատախազության աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեր օրերում դատախազությունը, ինչպես պետական ծառայության բազմաթիվ այլ ոլորտներ, շարունակապես վերափոխվում են` իրականացնելու համար քաղաքացու եւ պետության շահերին ծառայելու, Հայաստանի Հանրապետությունում օրինականությունը եւ իրավունքի գերակայությունը ապահովելու իրենց առաքելությունը:

Այսօր դուք ուժերի գերլարումով եք աշխատում տարիներ շարունակ տեղի ունեցած հանցագործությունների արդյունքում մեր պետությանը հասցված վնասները վերականգնելու եւ զանազան հանցագործություններին իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ: Ուզում եմ արձանագրել, որ ձեր ծառայությունը գտնվում է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության եւ հոգածության կենտրոնում: Հատկապես կարեւոր եմ համարում առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կենսագործման ուղղությամբ դատախազության համակարգում ընթացող կառուցվածքային նախապատրաստական լրջագույն աշխատանքները:

Վստահ եմ, որ ձեր նվիրումի եւ անմնացորդ աշխատանքի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը: Արիություն եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում պատվաբեր ձեր աշխատանքում»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:

--0--ԿԿ