Ես, օրինակ, կգամ, եթե իմանամ, որ դահլիճում բոլորը վարակակիր են. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 30, 24News

ալեն

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 6-7 պատգամավոր կորոնավիրուսով են վարակվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու վերջիններիս հետ շփում ունեցածները, կարգի համաձայն, չեն մեկուսացել:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ բազմաթիվ պատգամավորներ, որոնք պոտենցիալ կոնտակտավոր են, հայտարարել են, որ թեստ են հանձնել, պատասխանը բացասական է: 

«Օրինակ՝ տիկին Մակունցը, նա ևս հանձնել է կորոնավիրուսի թեստ, և պատասխանը բացասական է»,-ասել է Ալեն Սիմոնյանը, ապա նշել, որ, աստված մի արասցե, եթե ԱԺ-ն կարևոր մի որոշում ընդունելիս լինի, ու կարիքը լինի, որ վարակված պատգամավորը գա, պետք է գա: 

«Եթե նման իրավիճակ լինի, որ եթե ԱԺ-ն ինչ-որ որոշում պետք է ընդունի, բայց ԱԺ-ի պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է, կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, լինելով ՀՀ-ում ղեկավար մարմին, պետք է գանք, և քվեարկենք, եթե ՀՀ-ում օրենք կամ որոշում կա, օրհասական է, և պետք է ընդունվի: Ես, օրինակ, կգամ, եթե իմանամ, որ բոլորը դահլիճում վարակակիր են, իսկ ես՝ դեռ ոչ, ես այնուամենայնիվ կգամ: դա մեր պարտականությունն է»,-ասել է Ալեն Սիմոնյանը: 

--00—ԼՄ