Թուրքիան դատապարտել է Վաշինգտոնում Աթաթուրքի արձանի հետ տեղի ունեցած դեպքը

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  30, 24 News 

Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ է հանդես եկել հունիսի 25-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև Աթաթուրքի (Աթաթյուրք) արձանի վրա թողնված գրության կապակցությամբ։  Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Նշենք, որ անհայտ անձը ցուցապաստառ էր կախել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանից, որի վրա գրված է եղել․ «Այո, ես մեղավոր եմ մարդկության դեմ իրագործված հանցագործությունների համար․ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք»։

Աքսոյը նշել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն սկսելու համար դիմել է ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին։  

Նա համոզմունք է հայտնել, որ նման դեպքերը «չեն կարող ստվերել համաշխարհային պատմության մեջ անվիճելի հեղինակություն ունեցող Քեմալ Աթաթուրքի հիշատակը և իրենց փառահեղ պատմությունը»։ 

Հիշեցնենք, որ թեմային անդրադարձել էր Հույների ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը, որի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Աթաթուրքի արձանի լուսանկարը։ 

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան անվտանգության տեսախցիկներն արձանագրել էին այն պահը, թե ինչպես է մեկն այդ ցուցապաստառը կախում արձանից, այնուհետև լուսանկարում և ցուցապաստառը վերցնելուց հետո փախչում։     --0—ՄՀ