«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամները հանդիպել է Սամվել Բաբայանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

բաբաջ

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ պատվիրակությունը հանդիպել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ:

««Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունն իր արցախյան 1-ին այցի շրջանակներում հանդիպեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

Շնորհավորելով պատասխանատու պաշտոնին նշանակման առիթով՝ նախաձեռնության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը բարձր գնահատեց Սամվել Բաբայանի դերակատարումը Արցախի անվտանգության ապահովման գործընթացում։

Բաբաջանյանը նախաձեռնության անունից պատրաստակամություն հայտնեց առարկայական մասնակցությամբ զորավիգ լինել Արցախի զարգացման ու հզորացման ծրագրերին։ Արցախի անվտանգության քարտուղար Սամվել Բաբայանն իր հերթին կարևորեց Հայաստանում քաղաքական առողջ ուժերի ձևավորումն ու ներքաղաքական պայքարում Արցախի շահարկման անթույլատրելիությունը։

Խոսելով ավտանգության խնդիրների մասին՝ Բաբայանը մատնանշեց անվտանգության քարտուղարի լիազորությունների համապարփակ բնույթը Արցախում, ինչը հնարավորություն կտա տարբեր ոլորտներում կայուն և ակտիվ զարգացման գործընթացներ հարուցել։

Հատկանշական է հատկապես կրթության ոլորտում հեղափոխական տրամադրությունների բարձրաձայնումը, որի միջոցով, ըստ Սամվել Բաբայանի, կարճաժամկետ հեռանկարում կրթություն-տնտեսություն-բանակ կապի ամրապնդման բարձր արդյունավետություն կապահովվի։

Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպմանը կողմերը կիսվեցին իրենց մոտեցումներով ու գաղափարներով, ինչպես նաև պայմանավորվեցին համագործակցել ըստ անհրաժեշտության՝ հանուն հայության անվտանգության ու առաջընթացի»,-նշված է հաղորդագրությունում։

--00—ԼՄ