Ծաղկաձորում կառուցվում է նոր մանկական արվեստի դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

հասարակական

Ծաղկաձորում կառուցվում է նոր մանկական արվեստի դպրոց, բարեկարգվում մանկապարտեզի բակային տարածքը և հիմնանորոգվում ներհամայնքային ճանապարհներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Մեր համայնքներում շատ շուտով կմեկնարկեն կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ չնայած որոշ հաստատված ծրագրերի շրջանակներում արդեն մի քանի համայնքներում շին.աշխատանքներ են իրականացվում:

2020 թվականի սուբվենցիաներին զուգահեռ, մարզի տարածքում շարունակվում են իրականացվել նաև 2019 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերը:

Նախօրեին աշխատանքային այցով Ծաղկաձորում էի, որտեղ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն 3 ծրագրերով իրականացվում են հսկայածավալ աշխատանքներ:

Այցելել եմ շին.հրապարակներ և անձամբ հետևել կատարվող աշխատանքների ընթացին:

Զբոսաշրջային մեր գեղատեսիլ Ծաղկաձորում ավարտվել են

2019 թվականի սուբվենցիայով իրականացված ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, լայնացման, մայթերի կառուցման և եզրաքարերի տեղադրման աշխատանքները:

Շուրջ 106.914.100 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում հիմնանորոգվել է մոտ 1,5 կմ ժանապարհահատված: Այս ծրագրին պետական բյուջեի ֆինանսավարման չափը 45 % է:

Ի դեպ, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն հաստատված 2020 թվականի սուբվենցիոն մի քանի ծրագրերով Ծաղկաձորում այս պահին հիմնանորոգվում են ևս 1,5 կմ տարածք ընդգրկող ներհամայնքային ճանապարհներ, ինչի արդյունքում Ծաղկաձորում ամբողջությամբ կավարտենք ճանապարհաշինական աշխատանքները:

Մեկ այլ ծրագրով Ծաղկաձորի մանկապարտեզին կից նոր մանկական արվեստի դպրոց է կառուցվում:

Նախկինում արվեստի դպրոցը տեղակայված է եղել մանկապարտեզի տարածքում, որտեղ հաճախել է 67 սան: Արդեն առանձին գործող մանկական արվեստի դպրոցը էականորեն կբարձրացնի հաճախելիությունը, և մեր երեխաները կկրթվեն ավելի լուսավոր և բարեկարգ պայմաններում։

2019 թվականին հաստատված երրորդ ծրագրով բարեկարգվում է մանկապարտեզի բակային հատվածը:

Շուրջ 81.900.000 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում կառուցվում է ընդարձակ բակ՝ նոր հենապատով և նոր մարզագույքով հագեցած խաղահրապարակով: Ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար: Այս ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50 % /50 % համաֆինանսավորմամբ:

Մենք հանձնառու ենք մեր կողմից հռչակած բոլոր ծրագրերի իրականացմանը մեր մարզում և անելու ենք առավելագույնը՝ մարզի բացառապես բոլոր համայնքները նախադպրոցական հաստատություններով, մշակույթի, արվեստի կենտրոններով համալրելու գործընթացը ավարտին հասցնելու ամենակարճ ժամկետներում՝ իհարկե չմոռանալով նաև ճանապարհաշինության և մնացած բոլոր ոլորտներում մեր առաջնահերթությունների մասին:

--0--ԿԿ