Տրանսպորտային միջոցներում դիտարկման արդյունքում հայտնաբերվել են քիչ թվով խախտումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News     

դիտարկում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, շարունակել են ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ 

Հունիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանում իրականացվել է հերթական մշտադիտարկման և վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ։

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են քիչ թվով խախտումներ և թերություններ։ Մանսավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է տրանսպորտային միջոց, որտեղ բացակայել է ախտահանիչ հեղուկը, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում կրկին հայտնաբերվել է վարորդ՝ առանց դիմակի։ 

Նշված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Չնայած հանրապետության ամբողջ տարածքում արձանագրված խախտումների թվաքանակի նվազման հանգամանքին, Տեսչական մարմնի մասնագետներն այնուամենայնիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում շարունակում են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է։ 

 --0—ՄՀ