Նիկոլ Փաշինյանը դե-ֆակտո չեզոքացնում է ներկայիս իր գլխավոր մրցակցին․ «Կոմերսանտ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News  

․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դե-ֆակտո չեզոքացնում է ներկայիս իշխող վերնախավում իր գլխավոր մրցակցին: Պատգամավորներն այնքան էին շտապում փոփոխություններն ընդունելու հարցում, որ նույնիսկ չսպասեցին Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին, որն այնքան էլ գոհ չէ նրանց կայացրած որոշումից»,- այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականն՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովում մեկ օրվա ընթացքում սահմանադրական փոփոխությունների ընդունմանը։

Պարպերականը նշում է, որ իշխող կուսակցությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասել է իր նպատակին, որին ձգտում էր վերջին ամիսներին:

«Պարոն Թովմասյանը հնարավորություն ուներ իր պաշտոնը պահպանելու մինչև 2035 թվականը, իսկ նրան ուղղակիորեն ազատել չէր կարելի: Մինչդեռ հենց Հրայր Թովմասյանն էր համարվում Փաշինյանի գլխավոր մրցակիցը ներկայիս իշխող վերնախավում: Այդ իսկ պատճառով ընդդիմությունը խիստ բացասական վերաբերմունք է դրսևորել փոփոխությունների նկատմամբ՝ որպես վարչապետի՝ Սահմանադրությունն իրեն հարմարեցնելու փորձի»,- շեշտում է հոդվածագիրը:

Ըստ աղբյուրի «Իմ քայլի» պատգամավորները հրաժարվել են օրինագիծը ՍԴ ուղարկելուց, որպեսզի գնահատվի դրա Սահմանադրությանը համապատասխանելու հանգամանքը, ինչպես նաև ԱԺ կանոնակարգում փոփոխությունների նախագիծ են ընդունել, որոնք թույլ են տալիս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սահմանադրական փոփոխությունների նախագիծը չուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ստորագրելու համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում իշխանությունները մտադիր էին սահմանադրական փոփոխությունների հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնել, սակայն ծրագրերը խափանվել են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության պատճառով:

Նշվում է նաև, որ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ չի բացառել ՍԴ կազմի փոփոխությունը, սակայն անցումային ժամանակահատվածով և կազմի աստիճանական փոփոխմամբ, որպեսզի վտանգի տակ չդրվի այդ ինստիտուտի անկախությունը: Առաջարկվում էր նաև անցումային շրջանում Հրայր Թովմասյանին թողնել ՍԴ նախագահի պաշտոնում:

«Իմ քայլի» պատգամավորներն, իրենց հերթին, հայտարարել են, որ հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական և ոչ պարտադիր բնույթ է կրում:

--0--ԱՀ