Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News  

․

ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու հարցին, Մակինյանն ասաց. «Պարոն Հայրապետյանը դեռ ինքնամեկուսացման ռեժիմում է գտնվում, հիմա կյանքի եւ առողջության պահպանումն առաջնային է։ Պարոն Հայրապետյանը հիվանդություններ ունի, որոնցով պայմանավորված գտնվում է ռիսկային խմբում»։

Մակինյանը շեշտեց, որ վարույթն իրականացնող մարմինը միայն Ռուբեն Հհայրապետյանին Հայաստան վերադարձնելու հարցով է ջանասիրաբար զբաղվում. «Վարույթն իրականացնող մարմինը թող կապվի Չինաստանի դեսպանի հետ եւ ապահովի առանձնապես խոշոր չափերի մեջ հարուցված քրեական գործով առնչվող Հայկ Շահնազարյանին Հայաստան վերադարձնելու հարցով։ Վարույթն իրականացնող մարմինը կողմնակալություն է անում»։

Ամրամ Մակինյանն ասաց, որ ՔԿ-ն գիտի Ռուբեն Հայրապետյանի բնակության վայրը. «Երբ Հայրապետյանը մեղադրյալ չէր մենք միջնորդել էինք, որ հեռավար կապի միջոցով անցկացվի հարցաքննությունը, ինչը մերժվեց»։ 

Մակինյանը հայտնեց, որ իրենց կողմից է եղել նախաձեռնություն՝ Ռաֆիկ Հայրապետյանին հարցաքննելու համար. «Գնում ենք, ՔԿ-ի դուռ ծեծում ու ասում ենք՝ եկել ենք, հարցաքննեք մեզ»։

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն՝ Ռաֆիկ  Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով եւ 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել։ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ որդու խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2019-ի թվականին Ռուբեն Հայարպետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մաս  (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

--0--ԱՀ