Հայոց ցեղասպանությունը վերապրած կնոջ պատմությունը թարգմանվել է թուրքերեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 22, 24News

հայոց

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը անգլերենից թուրքերեն է թարգմանել և հրատարակել ամերիկահայ Արլեն Ոսկի Ավագյանի «Առյուծ–կնոջ ժառանգությունը» գիրքը։ Թարգմանիչը Մերալ Ջամջըն է, խմբագիրը՝ հրատարակչության տնօրեն Ռոբեր Քոփթաշը։ Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

«Առյուծը» հեղինակի մորական տատն է՝ Էլմաս Թութույանը, ով 1915թ․ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հասել է ԱՄՆ։ Նա շատ տարիներ առաջ 1915թ․ իր կենաց–մահու պայքարի մանրամասները պատմել է թոռնուհուն՝ Արլենին և պատվիրել պատմել այն ողջ աշխարհին։ Բայց հեղինակը երկար տարիներ չի համարձակվել որևէ մեկին պատմել, առավել ևս՝ հրապարակել իր ընտանիքի պատմության այդ տխուր էջերը, քանի որ վախեցել է էլ ավելի օտարվել առանց այն էլ իրեն խորթ ամերիկյան հասարակությունում։

Միայն տասնամյակներ անց, երբ հեղինակի խոսքով, իր տատի և սեփական կյանքի պատմությունները վերջնականապես միաձուլվել են, Արլենը գրի է առել և հրատարակել Էլմաս Թութույանի պատմությունը։ Գիրքը անգլերեն լույս է տեսել 1992թ․։

«Երբ 1992թ․ լույս տեսավ «Առյուծ-կնոջ ժառանգությունը», դրանով ես վերջապես կատարեցի մորական տատիս՝ իր պատմությունը աշխարհին պատմելու հանձնարարությունը։ Սակայն հիմա, երբ նրա պատմությունը պատմվում է այն երկրում, որտեղ նա ծնվել է և լույս աշխարհ է բերել իր երեխաներին, ես անչափ հիանում և ուրախանում եմ։ Էլմասի պատմությունը այս գրքով վերադառնում է իր հայրենիք», - պատմում է հեղինակը։

Նշենք, որ պատմաբան Արլեն Ոսկի Ավագյանը ծնվել է 1939թ․։ 1961թ․ ավարտել է Կոլումբիայի համալսարանի արվեստի պատմության բաժինը, 1975թ․՝ Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի մագիստրատուրան։ 2001թ․ նույն համալսարանում հիմնել է կանանց վերաբերյալ սոցիալական հետազոտությունների բաժին և գլխավորել այն։ Ավագյանի աշխատությունները նվիրված են կանանց հիմնահարցերին։

--00—ԼՄ