Հիվանդության պատճառով բացակայող պատգամավորները կկարողանան քվեարկել. նոր նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News 

քաղաքական

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գեւորգյանն ու Վահագն Հովակիմյանը ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, որով ցանկանում են փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։

Մասնավորապես, առաջարկվում է, որ պատգամավորները հնարավորություն ունենան գրավոր կարգով մասնակցել քվեարկություններին ոչ միայն գործուղման լինելու ժամանակ, այլեւ ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվելու, այսինքն վատառողջ լինելու ժամանակ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով (այսուհետ` Կանոնակարգ) գրավոր քվեարկության հնարավորությունը տրված է միայն Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորների համար:

«Ողջ աշխարհում տարածված ԿՈՎԻԴ-19 համաճարակը խորհրդարանի գործունեության համար նոր մարտահրավերներ է ստեղծել: Փաստացի կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանի պատգամավորների մի մասը, բացառված չէ անգամ զգալի թվով, հնարավորություն չունենան խորհրդարանի աշխատանքներին ֆիզիկապես մասնակցել, ըստ այդմ, զրկվելով քվեարկելու հնարավորությունից:

Ստեղծված իրավիճակում առաջարկվում է Կանոնակարգում ներդնել մի համակարգ, որը հիվանդության պատճառով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն կտա գրավոր կարգով քվեարկել: Ըստ այդմ, ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորները հնարավորություն կունենան իրենց քվեարկությունն ուղարկել հանձնաժողովների նախագահներին` հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ, ԱԺ նախագահին` Խորհրդի կամ ԱԺ նիստերում քվեարկությունների վերաբերյալ:

Նախագիծն ընդունելով եւ ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորին գրավոր քվեարկելու հնարավորություն տալով, Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար կավելանա եւս մեկ երաշխիք»,-ասված է հիմնավորման մեջ:

--0--ԿԿ