ԱՄՆ-ն 2,7 մլն դոլար է տրամադրել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

կորոնավիրուս

ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: 

Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածության պլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար:

Ընդհանուր առմամբ վերջին 20 տարիներին ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին, ըստ պետքարտուղարության հաղորդագրության, գերազանցել է 1 միլիարդ 57 միլիոնը, որից շուրջ 106 միլիոն դոլար տրամադրվել է առողջապահության ոլորտի խնդիրներին:

Տարածաշրջանում պետքարտուղարությունը օգնություն է տրամադրել նաև Հայաստանի հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին: Վրաստանին օժանդակությունը գրեթե նույն է, ինչ Հայաստանին: ԱՄՆ-ի վերջին շրջանի օգնությունը Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում կազմում է 2,7 միլիոն դոլար: Ծրագիրը միտված է լաբորոտորիաների աշխատանքի բարելավմանը, փորձագիտական մակարդակի մեծացմանը, առողջապահության և հիգիենայի պահպանման խրախուսմանն ու այլ նպատակներին:

Վրաստանին տրամադրված ընդհանուր օգնությունը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, կազմում է ավելի քան 3.6 միլիարդ դոլար, որից առողջապահության չափաբաժինն է մոտ 139 միլիոնը:

Տարածաշրջանում ամենամեծ գումարը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, տրամադրվում է Ադրբեջանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Վերջինիս ծրագիրը ևս ունի գրեթե նույն նպատակները, ինչպես Հայաստանի ու Վրաստանի ծրագրերը, սակայն տրամադրվող գումարը ավելի մեծ է՝ մոտ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար:

Վաշինգտոնը նաև միգրանտների ու փախստականների օժանդակության ծրագրի շրջանակում Ադրբեջանին  տրամադրել է 565 հազար դոլար, որը թիրախավորում է հատկապես ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին և հասարակության ամենախոցելի խավերին: Վերջին 20 տարիներին Ադրբեջանը տարածաշրջանմում ընդհանուր առմամբ ամենաքիչ ամերիկյան օգնություն ստացած երկիրն է: Ընդհանուր օգնությունը, ըստ պետքարտուղարության, մոտ 895 միլիոն դոլար է, որից առողջապահական ոլորտին է ուղղվել մոտ 41 միլիոնը:

ԱՄՆ պետքարտուղարության մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մինչ այս պահը COVID-19 -ի դեմ ամերիկյան գլոբալ արձագանքի համար հատկացվել է ավելի քան 12 միլիարդ դոլար: Պետքարտուղարության և ԱՄՆ զարգացման միջազգային գործակալության միջոցով ավելի քան 120 երկրների կառավարություններ ստացել են 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար:

--00—ԼՄ