Վթար՝ Երևանի հեռուստաաշտարակի մոտ. վարորդներից մեկը մահացել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

հրդեհ

Հունիսի 19-ին՝ ժամը 19։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի հեռուստաաշտարակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Մանվել Խ․, ծնված 1959 թ․), «Mercedes Viano» (վարորդ՝ Վարդան Ս․) և «Toyota Camry» (վարորդ՝ Զորիկ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել հիվանդանոց:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Մանվել Խ․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հովացման աշխատանքներ։

--00—ԼՄ