Բենզալցակայանում ԱՁ 30-ամյա տնօրենը վեճի ժամանակ դանակով հարվածել է 28-ամյա երիտասարդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 19, 24News

դանակ

Հունիսի 18-ին դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմանում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, գլխի շրջանի բազմակի կտրած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Մարտունի քաղաքի բնակիչ, 28-ամյա Սիմոն Ա.-ն է։ Բժիշկները հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, Մարտունու ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմանում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի 23 հասցեում գործող բենզալցակայանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և Մարտունի քաղաքի բնակիչ, 30-ամյա Արման Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս դանակով հարվածներ է հասցրել Սիմոն Ա.-ին։

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Արման Ա.-ն ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին, ինչպես նաև ներկայացրել հանցագործության գործիք հադիսացող դանակը։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ աղբյուրի՝ Արման Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Արման Աթոյան» ԱՁ տնօրեն. նա հետաքննիչի որոշմամբ բաց է թողնվել։ 

--00—ԼՄ